ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես ռեալ սպառնալիք։
Էդգար Մարուքյանը ֆեյսբուքում, արձագանքելով Սասուն Միքայելյանի նշված հայտարարություններին, նշել էր, որ նա շատ արագ պետք է ներողություն խնդրի և Էդմոնին նման բան ասողն առնվազն *** է։
Մարուքյանը տեղեկացրել է, որ դրանից հետո իր հետ սոցցանցով կապ է հաստատել Հարություն անունով անձ, ով ներկայացել է Միքայելյանի համագյուղացի, ընկեր և խնդրել, որ հեռացնել գրառումը։ Այնուհետև՝ սոցցանցով իր հետ կապ է հաստատել ևս մեկ անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա, հեռախոսով խոսել են, երիտասարդն ընդունել է, որ ինքը Սասուն Միքայելյանին չի հայհոյել։ Բայց մայիսի 1-ին Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Այն, ինչ Էդմոնն է առանց ամաչելու Ալենին ասել այս ամբիոնից,նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին։ Ես չեմ հակադարձի իր բառերով։ Երիտասարդ քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե քո խոսքերի համար ներողություն չխնդրես, գիտեք ես ով եմ իմ խոսքով ու գործով, լավ բան չի սպասվի քեզ։ Մեծի խորհուրդ եմ տալիս ներողություն խնդրել իմ ծնողի ու Ալենի ծնողից»։











