Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Արցախի ուղղությամբ) մարտերը շարունակվում են: Ներկայացնում ենք օրվա ողջ լրահոսը սահմանից՝ ըստ ժամանակագրության, ինչպես նաև ՊԲ-ի կողմից տարածված տեսանյութը, որտեղ երևում է թշնամու դիակները Սեյսուլանի ուղղությամբ:
Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են, ընդհանուր առմամբ, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, Արցախի ՊԲ տվյալներով՝ 1 «Գրադ», 15 տանկ, հինգ զրահամեքենա: Թշնամին ունի շուրջ 200 զոհ:
20:20
Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 (Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:
Ոչնչացվել է նաև 1 միավոր ինժեներական տեխնիկա
13:58
Ադրբեջանը կեղծ հայտարարություն տարածեց միակողմանի հրադադարի մասին: Հայկական կողմն արագ հերքեց: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կրակը միակողմանի դադարեցնելու մասին, տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։
Ավելին, ՊԲ-ից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը:
13:40
Հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի երեք տանկ է ոչնչացվել, ինչպես նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։
Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Ոչնչացվել է նաև 3 ադրբեջանական տանկ:
Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Ադրբեջանի խոցված տանկերի թիվը արցախյան տվյալներով, 14-ն է։
12:20
Հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ)հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել ապրիլի 2-ին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
10:10
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար:











