Սահմանադրական փոփոխություններ՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար

10
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում:

Առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

213-րդ հոդվածը Սահմանադրության անցումային դրույթ է:
Ներկայիս մշակմամբ այն պահպանում է 2005-ի փոփոխությունների նորմերը ՍԴ նախագահի ու անդամների համար, ինչը նշանակում է, որ ՍԴ գործող նախագահը՝ Հրայր Թովմասյանը, պաշտոնավարելու է մինչև 2035-ը։

Որպես հիմնական զեկուցող առաջարկվել է Վահագն Հովակիմյանը:

«Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,- ասվում է նախագծում:

2-րդ հոդվածով նախատեսվում է Սահմանադրության այս փոփոխությունն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկված փոփոխության նպատակը «Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է»: