Ռուսաստանի սեպը Հայաստանի ինքնիշխանության դեմ է ուղղված

11

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքերը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող ՀԿ-ների մասին մտահոգիչ է: Մտահոգիչ է ոչ թե այն պատճառով, որ Վոլինկինը «բացահայտեց» հակառուսական պրոպագանդայով զբաղվող ՀԿ-ներ, այլ որ Ռուսաստանը դեսպանի միջոցով մեսիջ է հղում, որ Ռուսաստանի քիմքին անհաճո բոլոր ուժերն ու կառույցները չեզոքացվելու են: Դեսպանը նույնիսկ շատ կոպիտ է արտահայտվում՝ շեշտելով, որ այլ միջոցներ կկիրառվեն: Այլ մեթոդները միայն ուժի կիրառում կարելի է հասկանալ: 

Մաքսայնացման ճանապարհը Հայաստանին ավելի խորը ճգնաժամի մեջ գցեց՝ խոսքը ռուսական ուժի ներկայության ավելացումն է ՀՀ-ում: Այսօր Ռուսաստանը տիրապետելով ՀՀ տնտեսության, իշխանության և կառավարման համակարգի մեծագույն մասին՝ ամեն կերպ ուզում է մեծացնել նաև իր ազդեցությունը երկրի ներսում գործող տեղեկատվական ու հասարակական մթնոլորտում: Հենց այնպես չէ, որ Հայաստանում ռուսաց լեզուն հատուկ գարգավիճակ ունի, այժմ արդեն ռուսական ներկայությունը կավելանա տեղեկատվական դաշտում: Սա լուրջ սպառնալիք է երկրի ներսում ազատ ու անկախ մամուլ և ընդհանրապես ազատ քաղաքացի ունենալու հարցում: Ռուսաստանը այս քայլով փորձում է վերահսկել և իր ձևով հաշվեհարդար տեսնել ոչ թե ՀԿ-ներից, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, ով կհամարձակվի քննադատել կամ հակառուսական որևէ բառ հնչեցնել: Խոսքի ազատության ոտնահարման տիպիկ օրինակ է:

Իսկ Հայաստանի իշխանությունները սեփական միլիոները հաշվելուց այն կողմ չեն տեսնում: Սերժ Սարգսյանի թողտվությամբ Ռուսաստանի պինդ բռունցքը օր օրի Հայաստանում խրվում է մի նոր ավելի վտանգավոր և Հայաստանի ինքնիշխանությանը վնասող համակարգի մեջ: Ամեն օր Պուտինը հասկացնում է, որ Սարգսյանը նշանակովի է իր մնացյալ նախարարների, օլիգարխ ընկերների ու պատգամավորների հետ միասին: Նախկինում այս ճնշումն այդքան էլ ակնհայտ չէր, այսօր Պուտինն ամեն ինչ անում է, որ ճնշումը զգան ոչ թե միայն Սերժ Սարգսյանն ու շրջապատը, այլ յուրաքանչյուր հայ մարդ: 

Եթե Ռուսաստանն արդեն ուզում է  վերահսկել ՀՀ ՀԿ-ներին, ովքեր գրանտի վրա նստած են, ապա պատկերացնում եք ինչ կլինի, երբ սկսեն վերահսկել հասարակ քաղաքացիներին (չնայած որ հասարակ քաղաքացին ավելի շատ է վերահսկվում): Մենք ամեն օր վերադառնում ենք 1930-ականներ, երբ չեկիստների ձեռքով հազարավոր հայեր աքսորվեցին և սպանվեցին, պարզապես իբր հակակոմունիստ կամ հակաբոլշևիկ լինելու համար: Վերադառնում ենք հալածյալների շրջան, երբ «Ռուսաստան» արտաբերելիս պետք է նայենք, թե մեր կողքին կա, թե չկա չեկիստ, հակառակ պարագայում հետևանքները լուրջ կլինեն:

Բայց մի՞թե Հայաստանում կա հակառուսականություն: