Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 141 մլրդ 555.5 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 125 մլրդ 149.0 մլն դրամ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 37 մլրդ 976.7 մլն դրամով, այդ թվում՝ ուղղակի ներդրումներն աճել են 17 մլրդ 973.1 մլն դրամով:
Նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել են Ռուսաստանից ՀՀ տնտեսությունում կատարված ներդրումների ծավալները: Ինն ամիսներին ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների ծավալը նվազել է 23 մլրդ 936.6 մլն դրամով, այդ թվում՝ ուղղակի ներդրումների նվազումը կազմել է 34 մլրդ 237.2 մլն դրամ:
Ներդրումների ընդհանուր ծավալներն աճել են հիմնականում մի քանի երկրներից կատարված ներդրումների հաշվին: Այսպես, կտրուկ աճել են Շվեյցարիայից կատարված ներդրումների ծավալները՝ 39 մլրդ 316.0 մլն դրամով: Շվեյցարական ներդրումներն ուղղվել են հիմնականում հանքարդյունաբերության, նաև մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներ:
Հաջորդը Գերմանիան է, որտեղից կատարված ներդրումներն աճել են 27 մլրդ 632.3 մլն դրամով, Լյուքսենբուրգից կատարված ներդրումների ծավալն աճել է 21 մլրդ 242.2 մլն դրամով:
Աճել են նաև ԱՄՆ-ից կատարված ներդրումների ծավալները՝ 7 մլրդ 685.0 մլն դրամով, Իտալիայից կատարված ներդրումները՝ 2 մլրդ 453.8 մլն դրամով, Ֆրանսիայից կատարված ներդրումները՝ 8 մլրդ 335.2 մլն դրամով: Լիբանանից կատարված ներդրումների ծավալն աճել է 12 529.9 մլն դրամով, Արգենտինայից կատարված ներդրումները՝ 11 537.6 մլն դրամով, Արաբական Միացյալ Էմիրություններից կատարված ներդրումները՝ 10 մլրդ 205.5 մլն դրամով:
Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների հիմնական մասն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ:














