Ռուսաստանը մտադիր է ներգաղթյալ աշխատողների թիվը սահմանափակել 50%-ով

13

Ռուսական գերատեսչություններն առաջարկում են 2015 թվականին սահմանափակել օտարերկրյա աշխատակիցների զբաղվածությունը շինարարության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում, գրում է  «Известия» թերթը:

Առաջարկվում է սահմանափակել օտարերկրացի աշխատողների զբաղվածությունն այգեգործությունում, շինարարությունում և տրանսպորտի ոլորտում. նրանց թիվը չպետք է գերազանցի աշխատակիցների ընդհանուր թվի 50 տոկոսը:

Եթե անցնող տարի սահմանափակումները վերաբերում էին մանրածախ առևտրին, ալկոհոլի, դեղագործական ապրանքների վաճառքին, սպորտի ոլորտում գործունեության մի շարք տեսակների, ապա այժմ առաջարկվում է ցուցակում ավելացնել նաև տրանսպորտի, գյուղատնտեսության, շինարարության ոլորտները: Առաջարկն արել է Ռուսաստանի Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարությունը: 

2013 թվականի վերջի դրությամբ, ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, երկրում 11 միլիոն միգրանտ է եղել, որոնց մեծ մասը բաժին էր ընկնում Մոսկվային:

Գյուղատնտեսության ու շինարարության ոլորտում առաջարկվում է ներգաղթյալ աշխատողների թիվը սահմանափակել 50%-ով: Ռուսաստան մեկնած միգրանտների 24%-ը ներգրավված է շինարարությունում, 12%-ը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, ինչը բավական մեծ ցուցանիշ է:

Շինարարությունում և տրանսպորտի ոլորտում նույնպես քվոտաները հիմնավորվում են Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Հայաստանից մեկնած միգրանտները հենց այն աշխատանքներն են կատարում, որոնց վրա այժմ նախատեսվում է սահմանափակումներ մտցնել: