Արցախը խայծ էր

6

Հայաստանի-Ռուսաստանի-Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն ավարտվեց: Եռակողմ հանդիպման ընթացքում արված հայտարարությունները կարծես թե կրկին բանակցելու նշան էին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին խոստացան, որ կբանակցեն: Իրականում այս հանդիպումը Պուտինի կազմակերպած հերթական շոուն էր:

Հանդիպումը կարծես նպատակ էր հետապնդում, որ Ռուսաստանն ամբողջությամբ իր ձեռքը վերցներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ի դեպ, և՛ Սարգսյանը, և՛ Ալիևը կողմ էին: Բայց ի՞նչ գնով է Պուտինը մտադիր լուծել այս հարցը: Հայտնի է, որ Ռուսաստանը փորձում է անել ամեն հնարավորը Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար՝ Արևմուտքին և Եվրոպային թույլ չտալով խառնվել տարածաշրջանային հարցերին: Եվ Արցախը վերջին շաբաթներին ամենամեծ խայծն էր: Սահմանային լարվածությունը, Ադրբեջանի հռետորաբանությունը սրա վառ ապացույցն էր: Սոչիի հանդիպոմից պարզ դարձավ, որ Պուտինը փորձում է Մինսկի խմբին դուրս հանել այս տարածաշրջանից՝ փորձելով միանձնյա լուծել արցախյան հիմնահարցը: Իսկ Մինսկի խմբից ազատվելով՝ Պուտինը անմիջապես ազատում է տարածաշրջանը իր համար օտար մարմիններից: Եվ այս պարագայում միայն հայ-ադրբեջանական սահմանին խաղաղպահ ուժեր տեղակայելով կարող է ՌԴ նախագահն իր հակառակորդներին ապացուցել, որ իր հաղթանակները շարունակական են և Արցախի հարցն իր ձեռքերում է:

Նորություն չէ, որ Ադրբեջանը կողմ է ԵԱՀԿ-ից ձերբազատվելու ռուսական մտքին, դա ակնհայտ երևում էր վերջին մի քանի տարիներին Մինսկի խմբի հանդեպ Ադրբեջանի արտահայտած անվստահությամբ: Իսկ Այսօր ԱԴրբեջանը կողմ է, որ ռուս խաղաղապահը տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, քանզի գիտի, որ խաղաղապահ ուժերը, ինչպես և նախկինում ռուսական բանակը, իր կողմից են աշխատելու: Իսկ ի՞նչ է մտածում Սարգսյանը: Սարգսյանը գիտի, որ խաղապահ ուժերի տեղակայմամբ, կապ չունի դրանք կլինեն ռուսական, թե այլ երկրներից ժամանած, նշանակում է Արցախի հարցի հավերժական տապալում: Բայց, Սարգսյանը նշում է, որ Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն: Այսինքն՝ խոշոր հաշվով Սարգսյանն այս պահին բացառում է խաղաղապահ ուժերի տեղակայումը, հասկանալով հարցի լրջությունը, սակայն երևույթն ամբողջությամբ չի մերժում, ինչը, իհարկե, իր ձեռքերում չէ:

Միանշանակ ասել, որ Սարգսյանը կոշտ քաղաքականություն վարեց՝ դրանով իսկ մերժելով  Պուտինի ցանկությունն իրագործել սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու առումով, իհարկե, սխալ է:  Պուտինի քայլերն այնքան հաշվարկված են, որ դժվար թե Սարգսյանի կնճռոտ դեմքը կարողանար մտափոխել նրան, միգուցե դեռևս ժամանակը չէ բոլոր ուժերը ներդնելու այս հարցում: Համենայն դեպս, Ֆրանսիայի նախագահին մերժելով՝  կողմերը հենց Պուտինի հրավերով համաձայնեցին հանդիպել: Այսինքն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունությունը ռուսասկան կողմի ձեռքում է:

Պուտինի քաղաքականությունը տարածաշրջանում միայն Հայաստանով ու Ադրբեջանով չի սահմանափակվում: Նա վերջերս Իրանի հետ նավթային հուշագիր կնքեց, սա ևս հաղթանակ էր Պուտինի համար, որին չեն կարողանում հասնել արևմուտքում: Ի դեպ, ԱՄՆ-ն սպառնում է երկու երկրներին էլ պատժամիջոցներով: Այսպիսով, Պուտինը Իրանի միջոցով Եվրոպային և հատկապես ԱՄՆ-ին կարողանում է պատժել: Սրանով իսկ պարզ է դառնում, որ Արցախի հարցը զութ շախմատային փոքրիկ քայլ էր Ռուսաստանի նախագահի կողմից, որով կարողացավ տարածաշրջանը թեժացնել և իր ուզած պահին այդ կրակը մարեց՝ աշխարհին ներկայանալով որպես խաղարար:

Այս հանդիպումից ակնհայտ է դառնում, որ Ալիևը մեծ հույսեր է կապում Պուտինի այժմյան քաղաքականության հետ, իսկ Պուտինին շատ ձեռնտու է այս ծաղկող եղբայրությունը, քանզի Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ՌԴ-ից զենք գնելու համար, Ադրբեջանին իր ձեռքի տակ պահելով՝ վանում է Եվրոպայից, որը նավթային իր այլընտրանքը միգուցե որոներ հենց Ադրբեջանում,  ինչու չէ նաև ԵՏՄ մտնելու համար իսկական թեկնածու է, քանի որ նավթային միությունում նավթային Ադրբեջանը կարող է մեծ դերակատարություն ունենալ:

Խոսեցինք ԵՏՄ-ի մասին և չենք կարող չշեշտել, որ Սոչիում կայացած հանդիպման ավելի առանցքային հարցը հենց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալն էր, քան ցավալիորեն, արցախյան հակամարտության հարցը: Սարգսյանն ավելի շատ այնտեղ էր, որ հրահանգներ ստանար աշնանը սպասվելիք ստորագրության նախաշեմին: Պուտինը Բելառուսին և Ղազախստանին համոզել է Հայաստանի մասով, ովքեր ընդդիմանում էին այդ միությանը մեր միանալուն, և այլևս ոչ ոք դեմ չէ, որ մեր երկիրը մտնի ԵՏՄ: Անհայտ է, թե ինչպես է սիրաշահել Ռուսաստանը Լուկաշենկոյին և Նազարբաևին, բայց փաստն այն է, որ նպատակներն իրագործվում են: Այն էլ այս պահին, երբ ողջ աշխարհը գլուխ է թեքել Ռուսաստանից և այս փոքրիկ Հայաստանը, որը միլիարդավոր դոլարների պարտքի տակ է, արտագաղթի սարսափելի վիճակագրությամբ, 32 տոկոս աղքատությամբ, գործազրկության բարձր մակարդակով, այս ամենի հետ մեկտեղ ընկնում է նաև ողջ աշխարհի սև ցուցակում: Եվ զավեշտալին այն է, որ մեր նախագահը կարծում է, որ իր այս ճիվաղ տնտեսությամբ կարող է օգուտ բերել Ռուսաստանին և ընդհանրապես չի նեղվում համաշխարհային սանկցիաների տակ ընկնելուց: Այնպես, որ Սարգսյանը հպարտ դեմքով Սոչիից բերեց սանկցիաների մի ամբողջ փունջ, որը եթե ոչ այսօր, ապա մի քանի ամսից մեզ նվերի պես կմատուցվի:

Եվ եթե այսօր ՀՀ նախագահը հանգիստ խղճով մեկնում է արձակուրդ, վստահ լինելով, որ մեծ գործ է արել Ալիևին իբր հռետորական հարց է ուղղել, որ միթե միայն Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի բանաձևերը: Լավ կլիներ, որ Սարգսյանը Ալիևին հակադարձեր, երբ վերջինս շարունակ կրկնում էր օկուպացված տարածքների մասին: Իսկ այս ֆոնին Սարգսյանը խոսում էր փոխզիջումների մասին, որոնք այդպես էլ բոլորիս այնհայտ մնացին, թե ինչ զիջումների մասին էր խոքսը այդ պոռոտախոս Ալիևի ներկայությամբ: Լավ կլիներ, որ Սարգսյանը այս պատերազմում ոչ թե պաշտպանվողի այլ թելադրողի դերում լիներ:

Ցավոք, այս հանդիպմանը Սարգսյանը հաղթանակ չուներ, ինչպես և Ալիևը, միակ հաղթողը Պուտինն էր, ով հրահրեց սահմանային լարվածությունը, որի պատճառով հայ տղաներ զոհվեցին ու վիրավորվեցին, իսկ իրականում սա զութ համաշխարհային խաղ էր, որի համար այդ զոհերը մեծ գործի հետևանք էին: Ինչպես ասում են՝ «մեծ գործերը, մեծ զոհեր են պահանջում»:

Պարզապես ժամանակն է հասկանալու, որ Արցախը Հայաստանի անբաժանելի  մասն է, և մեր պատերազմը մենք ենք հաղթելու. Արևմուտքի, Ռուսաստանի ու Եվրոպայի  համար մենք միայն խաղաքարտ ենք, ուրիշ ոչինչ:

Եվ հիշենք, որ սահմանին կանգնած մեր զինվորն է մեր անվտանգության միակ երաշխիքը: