ՌԴ-ն ձգտելու է ԼՂ հարցով փոխզիջումային տարբերակ գտնել. Պուտին

7

Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ղարաբաղյան հակամարտության՝ երկու կողմերին էլ ձեռնտու և փոխզիջումային լուծում գտնեն, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Դուք հիշատակեցիք Ղարաբաղը: Դա իրոք խնդիր է, որը մեզ է բաժին հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ, թե այս հարցը որքան սուր է թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այնպիսի լուծում գտնեն, որը փոխզիջումային, սակայն ընդունելի կլինի երկու կողմերի համար», – ասել է Պուտինը: 

Պուտինը նաև նշել է, որ Ադրբեջանը և Իրանը Ռուսաստանի համար բարի հարևաններ և կարևոր գործընկերներ են: 

«Մենք միմյանց հետ արդյունավետ համագործակցության մեծ փորձ ունենք: Այսօր մենք անկասկած հարաբերությունների նոր էջ ենք բացում, եռակողմ ձևաչափում փոխհամագործակցության մեկնարկ ենք տալիս»,- ասել է Պուտինը:

Ի դեպ, Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է:

«Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանդիսանում են հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան… Հակամարտության հետ կապված ներկայիս ստատուս քվոն (Լեռնային Ղարաբաղում) անթույլատրելի է»,- ասել է նա: