Ջավախքցիներին ռուսական անձնագրեր չեն բաժանում. Վրաստանի ԱԳՆ

14

Տեղեկություններն այն մասին, որ Ջավախքում, ցանկացողներին զանգվածաբար ռուսական անձնագրեր են հանձնում, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիդ Զալկանիանին:

Զալկանիանին նշել է, որ վերջերս տարածվել է տեղեկություն այն մասին, որ ռուսական կողմը սկսել է Ջավախքի շրջանի բնակչությանն անձնագրեր բաժանել։ «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունը։ Պարզվել է, որ այն չափազանցված է։ Նման փաստեր չեն գրանցվել»,- ասել է նա:

 Ասվում է նաև, որ Վրաստանում ուշադիր հետևում են Ռուսաստանում այն օրինագծի քննարկման գործընթացին, որը հեշտացնում է ՌԴ-ի հարևան երկրներում ռուսաց լեզվին ազատ տիրապետող անձանց ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը։

Պաշտոնական Թբիլիսին, Զալկանիանիի խոսքով, պատրաստ է պատասխան քայլերի, եթե ռուսական նոր օրինագծում ներառվեն որևէ դրույթներ, որոնք դեմ կլինեն Վրաստանի շահերին։

Նշենք, որ վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ապրիլի 1-ից Թբիլիսիում Ռուսաստանի հյուպատոսության առաջ հերթ է գոյացել, Ջավախքի բնակիչները ցանկանում են ռուսական անձնագրեր ստանալ։ Նրանց մեծ մասը էթնիկ հայեր են, որոնք կազմում են շրջանի բնակչության մեծ մասը՝ մոտ 55%։