Պուտինի հրամանագրով օտարերկրացիները կարող են ծառայել Ռուսաստանի զինված ուժերում

10

Հունվարի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագրով այլ երկրների քաղաքացիները կարող են պայմանագրային զինծառայություն անցնել Ռուսաստանի զինված ուժերում կամ ներքին զորքերում: Գրում է Azatutyun.am-ը: 

Պայմանագիրը կարող են կնքել 18-30 տարեկան երիտասարդները առնվազն 5 տարի ժամկետով: Նրանք որոշ չափով պետք է տիրապետեն ռուսերենին, քրեական անցյալ կամ դատվածություն չպետք է ունենան:

«Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Կովկասում, Մերձդնեստրում, Կենտրոնական Ասիայում տեղաբաշխված ռուսական զորքեր կան, որոնց կազմում ծառայում են նաև տեղացիներ, և նոր պայմանագիրն ավելի հեշտ է դարձնում տեղացիներին ռուսական բանակում ընդգրկելը: Նախկինում նրանք պետք է Ռուսաստանի քաղաքացիություն ունենային, հիմա նրանք կարող են օրինական ծառայել՝ առանց Ռուսաստանի քաղաքացիության», – նշել է ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետՊավել Ֆելգենհաուերը:

Մեկ այլ փորձագետ Ալեքսանդր Գոլցն ասել է, որ մոտավորապես 3 հարյուր օտարերկրացի արդեն իսկ ծառայում է Ռուսաստանի զինված ուժերում:

Պավել Ֆելգենհաուերը նախկին մի շարք օրինակներ է բերել: 1990-ականներին Տաջիկստանում տեղի ունեցած անհանգստությունների ժամանակ հազարավոր տաջիկներ ծառայել են ռուսաստանցի սպաների հրամանատարության ներքո: Այս պահին Ռուսաստանը ռազմակայան է պահում Հայաստանում զորախմբեր՝ Հարավային Օսիայում, Աբխազիայում:

«Ռուսաստանցի պայմանագրային զինծառայողին Կենտրոնական Ասիա ուղարկելը թանկ է նստում, ավելի գործնական է տեղացի վերցնելը», – ասել է փորձագետը՝ ուշադրություն դարձնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին:

Ֆելգենհաուերի կարծիքով Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո Կենտրոնական Ասիայում հնարավոր է սպառնալիքներ առաջանան, այնպես որ հարկ կլինի մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունն այդ տարածքում:

Ալեքսանդր Գոլցը նշել է, որ պայմանագրային զինծառայողի ամսական աշխատավարձը 30 հազար ռուբլի է՝ մոտավորապես 500 ԱՄՆ դոլար, և ծանր տնտեսական ժամանակաշրջանում դա գայթակղիչ է ռուսական բանակին միանալու համար, ինչպես նաև հեռանկարում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալն է:

Ռուսական բանակում օտարերկրացիների օրինական ծառայելու նոր համաձայնագրում նշված է, որ պատերազմական իրավիճակների ժամանակ նրանց կարող են ուղարկել պատերազմական գոտի: