Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։ Հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
ՔԿ-ից տեղեկացնում են, որ եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։
Միաժամանակ փորձագետները նկարագրել են Վ.Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, որոնք էապես ազդել են տվյալ իրավիճակում նրա վարքի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, մասնակցել են նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:














