Պերմյակովը միակ գազանը չէր

21

Մի երկրի ղեկավարություն, որը նույնիսկ չի կարողանում պաշտապանել իր գազանաբար սպանված քաղաքացիների իրավունքները, ինչպես կարող է ողջերի մասին հոգալ:

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը 6 մարդկային կյանքի գնով ավարտվեց  և ցավալի էր ոչ միայն մարդկային կորստի ասպեկտից, երևույթը լույս սփռեց Հայաստանում ընթացքող իրական գործընթացների վրա: Գյումրիում գործող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորականը, ներխուժելով Ավետիսյանների տուն, AK տեսակի ինքնաձիգով, գնդակահարել էր ընտանիքի 6 անդամներին, իսկ 6 ամսական փոքրիկին սվինահարել էր:

 Հայաստանյան ողջ իրավական համակարգը սկսեց փնտրել կասկածյալին, ով իր ետևից հանցանքի վայրում բազմաթիվ հետքեր էր թողել, ինչը նույնպես շատ հարցերի պատճառ է դառնում: Ժամեր անց՝ գիշերը 12-ի կողմերը հայտնի դարձավ, որ կասկածյալ Վալերի Պերմյակովին բռնել են ռուս սահմանապահները հայ-թուրքական սահամանը հատելիս: Այժմ ունենք 6 գնդակահարված, 1 վիրավոր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա և հանցագործության մեջ կասկածվող Ռուսական 102-րդ  ռազմաբազայի զինծառայող, ով ժամեր անց գտնվում էր ռուս սահամնապահների ձեռքում:

Ռուսաստանում անմիջապես իրար խառնվեցին և մի շարք պաշտոնյաներ դեպքից ժամեր անց արդեն Գյումրիում էին, քննարկում էին հետագա անելիքները: Ռուս և հայ իրավապահները որոշում էին ինչպես լուծել խնդիրը: Պերմյակովիn բռնեցին ռուս սահմանապահները, և ռուսական կողմը հայտարարեց, որ հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության, ըստ այդմ՝ գազանի ճակատագիրը ռուսներն էլ կորոշեն:

ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքի մասին կխոսենք ստորև:

Իսկ ո՞ւր մնաց հայկական իրավական համակարգը, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խրոխտ կոչերը, որ նույնիսկ հավ գողացողին կպատժի, ՀՀ ազգային անվտանգությունը, ՀՀ դատախազությունը և վերջապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմա կասեք, Սերժ Սարգսյանն ինչ կապ ունի այս ամենի հետ: Չափազանց մեծ: Նախ այն, որ դեպքից հետո Սարգսյանը թույլ չպետք է տար ռուս իրավապահներին գործին խառնվել, դա է պահանջում հայ-ռուսական համաձայնագիրը ռազմաբազայի առումով, և Սարգսյանը ինքը պետք է հանձնարարեր, որ եթե ռուսական կողմն էլ բռներ հանցագործին, ապա վերջինս պետք է դատվեր Հայաստանում, ՀՀ օրենքի շրջանակներում: Հաջորդը՝ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ նախագահ, պետք է իր երկրում օտարերկյա զինուժի առկայության դեպքում երաշխավորի իր երկրի քաղաքացիների անվտանգությունը, եթե չի կարողանում, ուրեմն պետք է հրաժարվի իր իսկ ձեռքով որևէ միջպետական համաձայանգիր ստորագրելու իրավունքից հատկապես այդ զինուժի առայության երկարաձգումը: Եվ ի՞նչ: Սերժ Սարգսյանը ոչինչ չարեց ո՛չ որպես ՀՀ նախագահ, ո՛չ որպես իր երկրի քաղաքացու երաշխավոր և ո՛չ որպես «ապահով» Հայաստանի կողմնակից: Այսօր ռուս մարդասպանին դատելու են ռուս իրավապահները, ՌԴ համապատասխան օրենսդրությամբ: Առաջին հայացքից թվում է, թե ռուս դասլիքը, լքելով զորամասը և ծանր հանցագործություն կատարելով, պետք է պատժվի ռուսական օրենքներով,ինչպես ռուսական կողմն է պնդում ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքով, ըստ որի  ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության, իրականում դա այդպես չէ և այս դեպքի մասով չի կարող աշխատել: 1997 թվականին ստորագրված Հայ-ռուսական համաձայնագրի շրջանակներում ամրագրված է, որ ռուսական ռազմաբազայի ծառայողների կողմից իրականցվող ցանկացած խախտում ՀՀ տարածքում պետք է քննվի ՀՀ օրենքի շրջանակներում: Ակնհայտ է, որ այսօրվա որոշումով Ռուսաստանը Հայաստանի պաշտոնյաների թողտվությամբ խախտում է միջպետական համաձայնագրի դրույթները՝ այն որակելով իբրև թե ՌԴ սահմանդրությանը համապատասխանող քայլ: Իսկ ինչո՞ւ են ՀՀ-ն կառավարող ուժերը թույլ տալիս, որ խախտվեն գործող համաձայնագրերը: Եթե թույլ են տալիս կա՛մ չեն հասկանում, իրենց կողմից արված հանցանքը, կամ գիտակցաբար են անում՝ թույլ տալով հանցագործին դուրս սողոսկել մեր երկրից: Իսկ մի՞գուցե կա նաև այլ ասպեկտ: Սույնով, մեր երկրի իրավապահ համակարգի անգործությունը, դատախազության անկարողությունը և ՀՀ նախագահի խոսքի բացակայությունը, թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանը, որպես անկախ և ինքնիշխան պետություն, որպես այդպիսին չի ընկալվում ռուսական կողմի համար, նրանք մեր երկրում շարժվում են իրենց օրենքներով: Այսինքն՝ ռուսական կողմը Գյումրին կամ գուցե ողջ Հայաստանն ընկալում է որպես Ռուսսաստանի մի մաս, որտեղ կարող են գործել միայն Ռուսաստանի օրենքները նույնիսկ Հայաստանում շարժվում են ՌԴ սահմանադրության համաձայն և ոչ այլ երկրի՝ տվյալ դեպքում Հայաստանի: Պերմյակովի գործը ցույց տվեց, որ Հայաստանը կորցրել է իր սուվերենությունը, նույնիսկ չի կարող պատժել իր երկրի տարածքում իր քաղաքացիներին գազանաբար սպանողին:

Սերժ Սարգսյանը երկար մտածելու առիթ ունի, քանզի իր գլխավորությամբ և նախորդ երկու կոլեգաների աջակցությամբ է Հայաստանն այս վիճակում հայտնվել: Քանզի երեքը միասին են Ռուսական ռազմաբազան տեղակայելու թույլտվություն տվել Ռուսաստանին և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ևս 49 տարով երկարաձգվել է ռուսական զորքերի առկայությունը մեր երկրում:

Հայտնի է, թե որքան կարևոր է այդ բազան ռուսների համար, տարածաշրջանում որքան արտոնություն ունեն այդ բազայի շնորհիվ, իսկ ինչո՞ւ մեր նախագահը չի օգտագործում իր որպես ՀՀ նախագահի իրավունքները, գոնե, այս պարագայում՝ պաշտպանելու իր մեռած քաղաքացիների դիակները: Ինչո՞ւ չի, գոնե, այս պահին պահանջ ներկայացնում, որ վայրագ մարդասպանին, ով արդեն ընդունել է իր հանցանքը, դատեն Հայաստանում: Չի անում, քանզի դրածո է, Վլադիմիր Պուտինի կամակատարն է Հայաստանում: Այլ բան չենք կարող մտածել: Պուտինը Սարգսյանին երևի նայում է որպես իր մարզերից մեկի նահանգապետ կամ գուցե, ավելի ցածր՝ գյուղապետի մակարդակով, ով վախենում է նույնիսկ շեֆի անունը բարձր արտաբերել: Հետևաբար այսօր մեղադրել ռուսին, որ եկել է մեր երկիր ու արդեն երրորդ անգամ իր ռազմաբազայի չեպեների պատճառով մարդկային կյանքեր է խլում, անհեթեթ է, կամ մեղադրել ռուսական կողմին, որ իր քաղաքացուն տանում է իր երկիր՝ դատելու սեփական օրենքներով, նույնպես անհեթեթ է: Ռուսական կողմը պետք է ամեն կերպ փակեր այս վայրագ դեպքի մանրամասները: Պետք է միմիայն մեղադրել Հայաստանում բարձր աթոռներ զբաղեցնողներին, ովքեր վտանգ են ներկայացնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, քանզի չեն գիտակցում իրենց արածի հանցավորությունը: Պերմյակովին, գուցե նաև հենց Հայաստանում անմեղսունակ ճանաչեին, բայց ոչ տվեցին ռուսներին, որ նույնիսկ այդ արատը չհանեն այդ գազանի վրա: Եվ ինչպես 1999-ի նույն Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հանցանքները կոծկվեցին, նույնն էլ այսօր է տեղի ունենում, պարզապես այն ժամանակ վկաները շատ էին, իսկ այսօր այդ գազանը նույնիսկ վկա չունի և հանցագործությունը նույն կերպ մութ էլ կկոծկվի, այդպես կարծելու իրավունք ունենք՝ տեսնելով Պերմյակովի այսօրվա ցուցմունքում առկա աբսուրդային հանգամանքերը:

Հարկավոր է մտածել, թե ինչո՞ւ Հայաստանն այսքան անպաշտան դարձավ և ինչպե՞ս ազատվել երկու գազաններից: