Պարզեցվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը

15

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ընդ որում, փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճեններ (երեխայի ծննդյան վկայական` անկախ երեխայի ծննդյան տարեթվից, ամուսնության վկայական, հայրություն ճանաչելու վկայական, երեխաների նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ) կցվում են, ինչպես նաև ծննդյան վկայականի տվյալներ լրացվում են միայն այն դեպքերում, եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, դիմում է երեխայի խնամակալը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների հիման վրա Հայաստանում ծնված երեխան և դիմող ծնողը չեն նույնականացվել և այդ հիմքով մերժվել է նախկինում ներկայացված դիմումը:

Վերացել է նաև հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների և ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու՝ նախկինում սահմանված պահանջը:

Բացի այդ՝ վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի և ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու՝ նախկինում սահմանված պահանջը:

Այսուհետ՝ միջոցառման իմաստով ընտանիքը կարող է շահառու դառնալ, եթե 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխան գտնվել են Հայաստանի վարչական տարածքում:

Վերացվել է նաև երեխայի և դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը: Դիմումների պարզեցված համակարգի միջոցով կիրականացվի միայն դիմող ծնողի կամ խնամակալի՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների նույնականացում:

Հիշեցնենք, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ընդլայնվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառուների ցանկը. Այսուհետ, միջոցառման շահառու են նաև խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք ունեցող և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, ում ամուսինը չի աշխատում, կամ այն ծնողը, ում գործատուն լուծարվել է՝ առկա է լուծարման պետական գրանցում: