Պատրաստակամություն կա մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները․ Փաշինյան

9

Որպես ԵՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարեւոր է, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առեւտրաշրջանառությունը մեծացնելու եւ մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:
Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարեւոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարեւոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:

Ընդհանուր առմամբ կարեւոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում եւ իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:

Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, եւ մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները եւ դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից: