Ում է մակագրվել Քոչարյանին ազատ արձակած դատավորի գործը

7
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օդում կախված լուրերի համաձայն դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արդեն մուտքագրվել է դատարան ու համակարգչի կողմից մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին…
Միաժամանակ ներկա պահին Դատալեքս տեղեկատվական համակարգը անառողջ «ցնցումների» մեջ է ընկել… Ինչևէ սպասում ենք զարգացումներին ու կոչ անում «տեղեկատվական համակարգին» չցնցվել»։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Նշենք, որ դատավորը կարգավիճակ ունի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ-ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։