Ոստիկանություն եմ դիմել. Արմեն Աբրոյանը՝ Ֆիրդուսի թաղամասի քանդման մասին

11

Ես դիմել եմ Ոստիկանություն և հույս ունեմ, որ պատշաճ ընթացակարգ կստանա. ինչ պետք է տեղի ունենար այդտեղ, պետք է մեր թույլտվությամբ տեղի ունենար: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ խոսելով Երևանի Ֆիրդուսի թաղամասում տարածքի քանդման աշխատանքների մասին, որը իրականացնում է կառուցապատումն ու իրացումը կազմակերպող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն՝ քանդելով 19-րդ դարավերջին վերագրվող սև տուֆից կառույցը և դրա հարակից կառուցները։

«Եթե որևէ պաշտոնյա չի պահպանում քաղաքաշինության վերաբերյալ կետերը, ապա կամ օրենսդրություն չգիտի, կամ այլ շահ ունի:

Օրենքը հուշարձան քանդելն արգելում է, և եթե մենք թույլ տայինք, որ հուշարձանները ցուցակից հանեինք, ապա կստացվեր, որ օրենքի առաջ մենք պատասխան պիտի տայինք, որովհետև ապօրինությունը օրինականացրել ենք: Հեղափոխությունից հետո պարզվում է, որ հուշարձաններ քանդելու գործընթացը շարունակվում է Ֆիրուսի թաղամասում»,- ասաց նա և հավելեց, որ ի սկզբանե իրենց գործակալությունը փորձել է թույլ չտալ նման պատմամշակութային գոտիներում գտնվող կառույցների քանդումը, սակայն այն որոշ դեպքերում չի ստացվել:

«Հեղափոխությունից հետո կարծես՝ չպետք է որևէ հուշարձան քանդվեր և պատմական միջավայր խաթարվեր, բայց ցավոք տեսնում ենք, որ այս վերջին երկու տարիների ընթացքում շարունակվում են ապօրինի բարձրահարկ շենքերի կառուցումը և որոշ գերատեսչությունների կողմից այս ամենը թույլատրվում է: Սա չկանխելը բերեց Ֆիրդուսի երկու պատմական արժեք ունեցող շինությունների քանդմանը»,- նշեց Աբրոյանը:

Աբրոյանը նշեց, որ գրություն է ուղարկել Ոստիկանություն, որտեղ նշել է, թե աշխատանքներն ինչ օրենքի խախտումներով են տեղի ունեցել:Ըստ նրա՝ նախարարությունում այս ամենն իրենց հսկողության տակ առած մասնագետները համապատասխան իրավունք չունեն և կամ օրենսդրություն չգիտեն, կամ անտեսում են: