Ոչ թե ավիաընկերություններն են զրկվել արտոնագրից, այլ ՔԱԿ-ը չի անցել աուդիտը. «Արմենիա» ավիաընկերության ներկայացուցիչ

7
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց Տաթևիկ Ռևազյանի` երեկվա հարցազրույցում հնչած հայտարարությունը. նրա խոսքով` ոչ թե ավիաընկերություններն են զրկվել արտոնագրից, այլ ՔԱԿ-ը չի անցել աուդիտը։

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահին առաջարկում է իրերը կոչել իրենց անուններով։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` արձագանքելով Տաթևիկ Ռևազյանի երեկվա հարցազրույցին։

«Տաթևիկ Ռևազյանի խոսքով` ավիաընկերություններին են զրկել լիցենզիայից, բայց ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) Հայաստան այցելելու միակ նպատակը Կոմիտեն ստուգելն է եղել»,- նշեց Խաչատրյանը։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի բացասական զեկույցը, ըստ Գևորգ Խաչատրյանի, վերաբերել է բացառապես ՔԱԿ-ին և ոչ թե հայաստանյան ավիաընկերություններին։

Խաչատրյանը հայտնեց, որ «Արմենիա» ավիաընկերությունն ստացել է միջազգային թռիչքներ իրականացնելու արտոնագիր, բայց քանի որ ՔԱԿ-ն ընկել է սև ցուցակ, այդ սերտիֆիկատը ևս դադարում է գործել։ Այս պարագայում ավիաընկերությունը կարող է առանձին դիմել սերտիֆիկացման միջազգային այլ կառույցի ու նոր արտոնագիր ստանալ։

Այսպիսի սերտիֆիկացման մարմին է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IOSA), որն անվտանգության ամենաբարձր մակարդակ պահանջող միջազգային կառույցն է։ Եթե տվյալ երկրի Քաղավիացիան հայտնվել է սև ցուցակում, տեղական ընկերությունները կարող են դիմել այս մարմին ու ստանան առանձին արտոնագրեր, որոնց շնորհիվ կկարողանան պահպանել իրենց ունեցած պայմանագրերն ու դեպի եվրոպա թռիչների շուկան։

Խաչատրյանը չի բացառում, որ «Արմենիան» ևս առաջիկայում կդիմի այդ կառույցին։

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր եվրոպական ուղղությունների ծրագրերն անխափան իրականացնենք, ու որևէ խնդիր, չեմ կարծում, որ կունենանք»,- ընդգծեց նա։

Իսկ ստեղծված իրավիճակը Գևորգ Խաչատրանն այսկերպ մեկնաբանեց. «ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումներ է իրականացրել ՔԱԿ -ում, զուգահեռ նաև դրա ենթակայության տակ գտնվող ավիաընկերություններում։ Եվ եթե ՔԱԿ անվտանգության աուդիտը չի անցնում, մուտքը դեպի եվրոպա հայկական ավիաընկերությունների համար կփակվի, քանի որ ավիացիոն իշխանությունը ստացվում է ի զորու չէ ապահովել անվտանգության միջազգային նորմերը»։