Ո՞ւմ նախաձեռնությամբ է քաղաքը «Նիկոլ Փաշինյան լսում». 168.am

11

Այսօր վաղ առավոտից Երևան քաղաքը «Նիկոլ Փաշինյան է լսում». եթե մինչ այս քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին լսում էին ոստիկանական և ԱԻՆ շրջիկ մեքենաներից հնչող ԱԻՆ աշխատակցի ձայնը, ապա այսօրվանից քաղաքացիները լսում են նույն կոչը, բայց արդեն Նիկոլ Փաշինյանի ձայնով։

168.am-ը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից փորձեց պարզել՝ ո՞վ է որոշել, որ այսուհետ քաղաքը պետք է «Նիկոլ Փաշինյան լսի», այս որոշումն անձամբ վարչապե՞տն է կայացրել, թե՞ այն կայացվել է պարետատան կողմից և արդյո՞ք կոչի տարածման համար վարչապետի ձայնն է ընտրվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

Հարցերին ի պատասխան՝ Փաշինյանի խոսնակը նշեց. «Նախկինում ոստիկանական և ԱԻՆ մեքենաների մեջ այլ ձայն էր լսվում, երեկ շատ ուշ երեկոյան որոշեցինք, որ այլևս այդ կոչը հնչի վարչապետ Փաշինյանի ձայնով։ Որոշում կայացրեցինք, որ, գուցե, ավելի ճիշտ կլինի վարչապետի՝ Ազգային ժողովում ունեցած երեկվա ելույթը վերցնել և այդ նպատակով օգտագործել։ Այդ որոշման եկել ենք իմ նախաձեռնությամբ։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք մինչ այս կոչի տարածումն այլ մարդու ձայնով արդյունավե՞տ էր, թե՞ ոչ, ապա մենք մոնիթորինգ չենք արել, որ դա հասկանանք»,- ասաց խոսնակը։