ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շարունակում է իր հակահայ գործունեությունը: Վերջին ժամանակներում գրեթե ամեն օր Ուորլիքը հայտարարում է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության և Ադրբեջանին ինչ-որ անհայտ հողերի վերադարձի վերաբերյալ: Այսօր ևս բացառություն չէր և համանախագահը մասնավորապես նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը պետք է լինի միջազգային խաղաղապահների տեղակայումը և որ դեռ պետք է քննարկվեն այն հարցերը, թե ինչպիսին պետք է լինեն խաղաղապահ ուժերը և կոնկրետ որտեղ պետք է դրանք տեղակայվեն:
«Համապարփակ կարգավորման շրջանակում բանակցությունների միջոցով պետք է համաձայնություն ձեռք բերվի մի շարք տարրերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը, հարակից տարածքների վերադարձը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ։ Բացի դրանից պետք է լինեն անվտանգության իրական, ամուր երաշխիքներ, ինչը ենթադրում է նաև միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»,–ասաց Ուորլիքը:
Ամոթալին այն է, որ հայաստանյան պետական համակարգից ոչ ոք չի արձագանքում Ուորլիքի այս հայտարարություններին, ոչ ոք չի հակադարձում: Ասենք հայաստանյան իշխանությունները ինչու չեն այս պարոնին ասում, որ Հայաստանը կարողանում է իր սահմանները պաշտպանել արդեն 20 տարուց ավելի և կարիք չունի, որ այլ ուժեր տեղակայվեն իր սահմանի վրա, ինչը չի բխում Հայաստանի պետական շահերից: Ոչ ոք ամերիկացի համանախագահին չի ասում, որ Հայաստանը չի պատրաստվում իր հողերը տալ Ադրբեջանին, որոնք արյան գնով է ազատագրել, և փոխարենը Ուորլիքին ասել, որ դեռ Ադրբեջանը մեզ պետք է վերադարձնի Նախիջևանը, պատմական Փայտակարանը, Ուտիքն ու մնացյալը, որոնք տարիներ շարունակ չեն վերադարձնում Հայաստանին: Նախագահական ապարատից ինչո՞ւ որևէ մեկը չի հակադարձում Ուորլիքին, որ հայկական հողերում ադրբեջանցիներ այլևս չեն կարող ապրել և միջնորդի այս առաջարկներն ու պնդումները անհիմն ու անհեթեթ են: Ցավոք, ինչպես միշտ մերոնք լռում են: Բայց այս հարցը պետք է հուզեր հենց նախագահ Սերժ Սարգսյանին, չէ՞ որ Ուորլիքը խոսում է մեր երկրի սահմանների ու հայ ազատամարտիկի ազատագրած հողերի մասին: Իսկ Սարգսյանն այս հայտարարությունից ժամեր անց հանդիպում է այս մարդուն և ջերմ քննարկում «Արցախի հանձնման» գործընթացը… Սարգսյանին միայն իր շահերն են հուզում, հայ ժողովրդի համար նոր թակարդներ, օրենքներ, տույժ ու տուգանքներ մշակելը և այլն: Մի՞գուցե Սարգսյանը չի կարող հակադարձել նրան, մի՞գուցե բանակցում են, մի:գուցե ինչ-որ պլաններ ունեն: Հարցեր են, որոնց պատասխանները հարկավոր է անհապաղ իմանալ: Սեղանին դրված է Արցախը, որը դարձել է ներիշխանական և արտաքին ուժերի պայքարի զոհը: Ինչո՞ւ են մերոնք շարունակում բանակցել Մինսկի ձևաչափով և Մադրիդյան սկզբունքներով, որոնց ամեն մի կետն ուղղված է Հայաստանի դեմ: Այս կառույցն ասես Ադրբեջանի շահերի պաշտպան լինի Սարգսյանի մասնակցությամբ: Այսինքն՝ ինչու ենք բողոքում Ուորլիքից, երբ Սարգսյանն ու իր կլանը, նրանց հետ ընդդիմությունը այս կառույցին են աջակցում և շարունակում սակարկել Արցախը: Մի՞գուցե Արցախը վտանգված է: Այլևս զարմանալի ոչինչ չկա, քանզի հայաստանյան ուժերն անցել են բոլոր բարոյական սահմանները և ներանձնական մանր շահերը կարող են Արցախից ավելին դասվել: Ժամանակն է ազատվել այս հրեշային համակարգից, քանի դեռ ուշ չէ:











