Շահումյանցիներն արդարության վերականգնման պահանջ ունեն

5
Շահումյանի շրջանը հայկական պետության մի մասն է, և այդ հարցը պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին։ «Արմենպրես»-ը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ զրուցել է ծնունդով Շահումյանի Կարաչիտա գյուղից, ազատամարտիկ Կամո Հարությունյանի հետ։

«Ինչպե՞ս եմ ես տեսնում արդարության վերականգնումը. Շահումյանը պետք է լինի Մայր Հայաստանի մի մասը, ինչպես Հայաստանում՝ Նոյեմբերյանի շրջանը, Արցախում՝ Ասկերանի։ Դա հայկական պետության մի մասնիկն եմ համարում, բայց այն վերադարձնելու հարցում պետք է լինի պետական և քաղաքական մոտեցում։ Իմ և ձեր ցանկությամբ ոչինչ չի կարող փոխվել»,- ընդգծեց Հարությանյանը։

Ազատամարտիկի կարծիքով՝ պետք է այնպիսի ծրագրեր մշակվեն և միջոցառումներ կազմակերպվեն, որպեսզի բոլորը համախմբվեն՝ շահումյանցին, գետաշենցին, արծվաշենցին, նախիջևանցին` մեկ հարթակում, մեկ գաղափարի շուրջ։

«Երբ Ադրբեջանի իշխանությունները ասում են, որ Արցախը Ադրբեջանի մասն է, մենք չենք ասում, բա մենք ունեինք Հյուսիսային Արցախ, Արծվաշեն, Նախիջևան ․․․ Այդ հարթակը պետք է ստեղծենք, ինչո՞ւ չենք պայքարում մեր կորցրած հողերի համար։ Դրա համար նրանց լեզուն երկարում է և արդեն Սյունիքն են ուզում, Երևանը։ Իհարկե, ախորժակը գալիս է ուտելու ժամանակ։ Սկզբից չենք խոսել Շահումյանի մասին, արդեն Ադրբեջանը խոսում է Սյունիքի մասին, հետո խոսում են Երևանի մասին։ Մեր կողմից նրանք պատասխան չեն ստանում, և նրանք թույլ են տալիս նման հռետորաբանությամբ խոսալ»,- շեշտեց Հարությունյանը։

Ըստ շահումյանցու՝ ինչքան էլ ինքը խոսի արդարության վերականգնման մասին, նյութեր հրապարակվեն, խնդիրը լուծում չի ստանալու, եթե այդ հարցը չդրվի բանակցությունների սեղանին։

«Շահումյանը Հայաստանի մի մասնիկն է, և շահումյանցիներն արդարությունը վերականգնելու պահանջ ունեն, նրանց հողերը զավթվել են ոչ արդար ձևով։ Մի քանի անգամ շեշտվել է Շահումյանի, Գետաշենի հացը, բայց դա շատ քիչ է։ Այդ ինչպես է Ադրբեջանը նշում, թե, օրինակ, Աղդամը իրենցն է, բայց մենք չենք կարողանում ասել, որ դա Աղդամ չի, Տիգրանակերտ է՝ եկեք դուք էլ, մենք էլ տեսնենք, որն է ավելի հին Տիգրանակետը, թե Աղդամը։ Դրա համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ պետք է պետական մոտեցում լինի, ես շահումյանցի ինչքան էլ գոռամ-գոչեմ, իմ ձայնը շատ-շատ կողքի հարևանը լսի։ Մեկ-երկու ելույթ կգրվի, կհրապարակվի, բայց եթե պետական մոտեցում չլինի ոչ մի առաջընթաց այդ հարցում չի լինի։ Ես շահումյանում թողել եմ իմ տունը, ծննդավայրս, թողել եմ ամեն ինչ․․․»: