Ն. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում Քեսաբի դեպքերին է անդրադարձել

9

 ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին և պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ։

Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է։ Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են հայերի տները։ Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է»,- ասել է։ 

Զոհրաբյանը նաև նշել է. «Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Եվ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և օր առաջ լուծումներ գտնելու համար»։