Քաղաքաշինության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև ՄՄ-ին միանալու պատճառով սպասվող հնարավոր գնաճին վերաբերող հարցին: Նախագահի մամուլի ծառայությունը գնաճը որակել է «իբր անխուսափելի կտրուկ», որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում: Իսկ նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է:
Նախագահը չի մոռացել մեկ անգամ ևս հիշեցնել, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը:
Թե ինչ օգուտ կքաղենք Մաքսային Միությանը անդամակցելուց, մինչ օրս ոչ ոք չի էլ հասկացել, բացի ՀՀԿ-ականներից: Արդեն բազմիցս նշվել է այս միության բացասական կողմերը, դրա ազդեցությունը Հայաստանյան տնտեսության վրա, գնաճի անխուսափելիություինը, ինչը Սարգսյանը չի ժխտում, բայց չի էլ ասում բնականաբար, որ շատ է լինելու: Ցավոք, բազմիցս ենք լսել ՀՀ նախագահի հավաստիացումները այս կամ այն հարցի շուրջ, որոնք օրեր անց փոփոխվել են: Նույն ՄՄ-ի մասին Սարգսյանը նշել է իր նախորդ տարվա մարտյան ելույթներից մեկում, որ այս միությունում Հայաստանին չեն սպասում, իսկ նույն տարվա սեպտեմբերին բոլորս ականատես եղանք, որ հակառակն ասաց, և այսպես շարունակ:
Ինչ վերաբերվում է գնաճին, ապա Հայաստանում գնաճը շարունակական է, ամեն օր ցանկացած ապրանք կրում է գնային փոփոխություն, ինչը օր օրի Հայաստանում ապրելը դարձնում է անհնարին: Մեր երկրում ամեն ինչ թանկանում է մաթեմատիկական բոլոր օրենքներից դուրս: Հարկ չկա անգամ թվարկել, քանզի բոլորս ենք ապրում այստեղ և բոլորս մեր մաշկի վրա ենք զգում օր օրի ծանրացող բեռը:
Լավ կլիներ Սարգսյանը երբեմն ինքը դուրս գար փողոց, քայլեր, մտներ խանութներ և տեսներ ապրանքների գները և օրեր անց կրկներ զբոսանքը՝ ֆիքսելու համար գնային տարբերությունները: Չնայած անիմաստ է մտածել անգամ այս մասին, քանզի սրանք իշխանական էլիտայի մշակած օրենքներն են: Գնաճը հատուկ նրա համար է կատարվում, որ ժողովուրդը չհասցնի շնչելու մասին անգամ մտածել: Սոցիալական խնդիրներով ապրող մարդը չի կարող նյութական բավարարությունից այն կողմ ուրիշ վերին գաղափարներ շոշափել: Երբ մարդն իր ունեցած գումարով կարողանում է լուծել միայն հացի խնդիր, նրա ուղեղն այլևս ունակ չէ ազգայինի ու դրա փրկության մասին մտածելու: Այսօր Հայաստանում նյութականից խեղդված ու խեղված էակներ են ապրում, ովքեր դարձել են իշխանությունների արդեն տասնամյակներ շարունակվող նախագծի զոհը: Պլանավորված նյութականացնում են հայ հասարակությունը՝ Հայաստանը դարձնելով մի հսկա սոցիալական ճահիճ: Իհարկե, ժողովուրդի մեղքի բաժինն էլ կա, քանզի ուտում է այն պնակից, որն իրեն հրամցվում է:Այս ամենի ֆոնի տակ Մաքսային Միությունը դառնում է հայի ստրկացման վերջին էտապը, որի լծից անհայտ է՝ քանիսը դուրս կգան նյութականից չաղավաղված: Ի դեպ, ԵՄ-ի հետ ասոցացումը ոչնչով չի տարբերվում այս մյուսից:
Իսկ ի՞նչ անել, որ չդառնալ սոցիալական ստրուկ, չդառնալ հորինված կառույցների զոհ, տգետ իշխանության խաղալիք, մի՞գուցե գաղափարական պայքարը փրկի:











