Ադրբեջանը շարունակում է գերռազմականության քաղաքականությունը. Ս. Օհանյան

9

Ադրբեջանը շարունակում է գերռազմականության քաղաքականությունը: Ադրբեջանը նախորդ տարվա ընթացքում շարունակել է դիպուկահարների պատերազմը, և հիմա էլ շարունակում է, 2014 թվականի ՀՀ ՊՆ գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը նկատեց, որ Ադրբեջանը նաև տեղեկատվական պատերազմ է վարում հայկական կողմի նկատմամբ. «Այդ մարտահրավերներին դիմակայելու համար ՀՀ ՊՆ ջանքերը կենտրոնացվել են պաշտպանական համակարգի հզորացման և միջազգային ասպարեզում համագործակցության ոլորտում»:

ՊՆ տվյալներով՝ պաշտպանական համակարգի զարգացման ուղղությամբ ռազմավարական աշխատանքի վերանայման գործընթացներ են իրականացվել, մշակվել են սպառնալիքի հակազդեցության ուղիները:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը՝ Օհանյանը շեշտեց. «Նախորդ տարին լարվածության առումով աննախադեպ էր: Մենք, իհարկե, հաղթեցինք բոլոր ճակատներում: Սակայն մենք ունեցանք զոհեր: Մեր սպաներն ու զինվորները հավասարաչափ հերոսացան: Համաշխարհային տանկային բիատլոնի մրցույթում մեր ԶՈՒ մեծ հաջողության հասան՝ երկրորդ տեղը գրավելով: Այս անգամ էլ ադրբեջանական կողմը պարտվեց, որովհետև հայ զինվորը ազնիվ է»: