Նաիրի Հունանյանը 1988-ից ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու․ Գ․ Ջհանգիրյան

39

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքին, Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը դրա մասին խոսել է ասուլիսներից մեկում:

«2000թ. մարտի 10-ին մամլո ասուլիսի ժամանակ ես խոսել եմ այդ մասին: Այդ ասուլիսի սղագրված տարբերակը զետեղված է իմ՝ «Արդարադատության և քաղաքականության խառնարանում» գրքում, որը հրապարակվել է 2016թ.»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

«Նաիրի Հունանյանը դեռևս 1988թ. գտնվել է ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում: Նա ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու՝ հավաքագրման նպատակով, որպեսզի օգտագործվի տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ: Ինչպես հաստատում է ԱԱ նախարարության կողմից կատարված ծառայողական քննության եզրակացությունը՝ 1999թ. գարնանը Նաիրի Հունանյանի վերաբերյալ ազգային անվտանգության մարմիններում ստացվել է տեղեկություն, որի ստուգումը համապատասխան բաժինը գլխավորող ղեկավարի կողմից անուշադրության է մատնվել: Հակված եմ մտածելու, որ նշված պաշտոնյայի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման դեպքում հնարավոր կլիներ խափանել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը 2000 թ. մարտի 10-ին ասուլիսում:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանի մասին Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում խոսել էր պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Վերջինիս մասին խոսել է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել էր՝ Հունանյանի գործակալ լինելու հանգամանքը։