Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան. Ն. Զոհրաբյան

7

Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի իր ելույթի ընթացքում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին: Տեղեկանում ենք Tert.am-ից:

Պատգամավորը մասնավորապես ասել է. «Այս տարվա օգոստոսի 8-ից մինչ օրս Ադրբեջանում գերեվարված է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը։ Ոմանք կարծում էին, թե ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը գոնե կհարգի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ մարդասիրական։ Սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան՝ հայ զինվորին ադրբեջանական համազգեստ հագցնելով, ադրբեջանական հեռուստատեսությամբ կազմակերպում են «հարցազրույց» շոուներ, որի ժամանակ հստակ երևում են հայ զինվորի նկատմամբ կիրառված հոգեբանական եւ ֆիզիկական բռնության հետքերը։ Ադրբեջանը, ըստ էության արհամարհելով Կարմիր Խաչի ջանքերը, սահմանափակում է Հակոբի կապն իր ընտանիքի հետ։ Հայ զինվորի ընտանիքը չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ իր որդու մասին։ Ավելին, հայ զինվորին զրկում են հայրենիք վերադառնալու իրավունքից և անհեթեթ տեղեկություններ են տարածում երրորդ երկիր Հակոբի մեկնելու ցանկության մասին։ 

Այն, ինչ անում է Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ուղղակիորեն անթույլատրելի է։ Եվ եթե Եվրոպայի Խորհուրդը շարունակի լռել, ապա այդ լռության հետևանքները կարող են կործանարար լինել։ Հիշենք հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին, ով գերի ընկներով՝ անմարդկային կտտանքների ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, որից հետո հայ երիտասարդի՝ գազանաբար տանջամահ արված մարմինը հանձնեցին նրա ծնողներին։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ Հակոբը հայրենիքում որևէ պատասխանատվության չի ենթարկվելու և դա միանշանակ է։ Թույլ չտանք, որ ԵԽ անդամ մի երկրի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումը հերթական անգամ բերի անդառնալի ողբերգության։ Հակոբին սպասում են հայրենիքում և նա պետք է վերադառնա տուն»։