Յուրի Խաչատուրովը ունի ևս 2 օր ժամանակ ապրիլյան հանձնաժողով ներկայանալու համար. Անդրանիկ Քոչարյան

3
Յուրի Խաչատուրովը ունի եւս 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու եւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանօկ Քոչարյանը:

Քոչարյանը Խաչատուրովի ներկայանալը հատկապես կարևորեց Էդվարդ Նալբանդյանին 2 ժամից ավելի լսելուց հետո։ 

«47 հարց էր, 2-ը փոխվեց, բայց մի քանիսն ավելացրեց պարոն Նալբանդյանը։ Հանձնաժողովն ունի հարցեր, որոնց Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանի։ Դրանք այնքան կարեւոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ։ Նամակներ չենք ուղարկելու, որովհետեւ ուղարկել ենք եւ ստացել ենք պատասխան։ Մինչեւ ամսի 4-ն է ժամկետը, եւ մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով նշանակել հանձնաժղովի նիստ եւ հարցեր ուղղել պարոն խաչատուրովին, պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- ասաց նա։

Հարցին՝ եթե Խաչատուրովը չներկայանա, ի՞նչ կլինի, Քոչարյանը պատասխանեց․ «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց Խաչատուրովին լսելու եւ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ, քննիչ հանձնաժողովն այլեւս անելիք չի ունենա։ Համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարեւոր դերակատարումներից մեկը, պետք է գա եւ պատասխանի այս հարցերին, իրեն ուղղված հարցեր են դրանք»։

Հարցին, թե ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը հարցերին բավարար պատասխան տվե՞ց, Քոչարյանը պատասխանեց․ «Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել․ մեր համար կարեւորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»: