Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի և դրա հետևանքնրի շուրջ լայնածավալ հոդված է գրել, որտեղ պնդում է, որ Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար: Ստորև ներկայացնում ենք հոդվածի մի մասը:
«Կարելի է երկար և հետաքրքիր քննարկել, թե ում հետ է շահավետ Մոսկվային բարեկամություն անելը՝ Երեւանի՞, թե՞ Բաքվի։ Կամ էլ պետք է անտեսել հայ-ադրբեջանական անհաշտելի հակամարտությունը և փորձել չեզոքություն պահպանել։ Սակայն ստացվել է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և պաշտպանում է Ռուսաստանին գրեթե բոլոր առանցքային հարցերում։ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում ոչ մի ռուսամետ կազմակերպության անդամ չէ և չի եղել, իր արտաքին քաղաքականությունը երբեք Մոսկվայի հետ չի համաձայնեցրել՝ առաջին հերթին ուղղորդվելով հարազատ Անկարայի կողմից: Օրինակ, 2014թ. մարտին Ղրիմի կարևորագույն հարցով Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում պաշտպանեց Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը դեմ քվեարկեց։ Այսինքն՝ Երևանը իրավաբանորեն և փաստացի Մոսկվայի դաշնակիցն է, իսկ Բաքուն՝ ոչ։ Վերջին 8 տարվա ընթացքւմ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Սիրիայի օրինակներով Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը ուժեղ և հուսալի դաշնակից է, այնինչ ՆԱՏՕ-ն նույն օրինակներով ցույց է տվել, որ իր հետ ընկերությունը ինքնասպանության է հավասար։ Ղարաբաղյան հակամարտությանը ՆԱՏՕ-ն ներգրավված չէ, իսկ ահա Ռուսաստանն այստեղ ունեցավ իր առաջին լուրջ «ծրագրային խոտանը»։
Վերլուծաբանը նաև գրում է. «Վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Ընդ որում՝ ամենաշատ զենք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, այն էլ այնպիսի զենքը, որը հարձակվողական է, ակնհայտորեն նախատեսված չէ Բաքվում շքերթներ կազմակերպելու համար, այլ Ղարաբաղում հայկական ամրությունները ջախջախելու համար։ Դա հասկանալու համար պետք չէ լինել դիվանագետ կամ զինվորական։ Այսպես՝ Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին պատերազմական զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ։ Առևտրային տեսակետից դա շատ հաջող գործարք էր, սակայն քաղաքական տեսակետից, մեղմ ասած, կասկածելի։ Այդ առիթով Մոսկվայի փաստարկը, թե մենք չվաճառենք, ուրիշները կվաճառեն, եթե ավելի կոպիտ չասենք, կասկածելի է։ Բացի այդ՝ «ուրիշները» կան բաներ չեն կարող վաճառել։ Օրինակ՝ ՏՈՍ-1Ա հզորագույն համակարգի անալոգը աշխարհում ոչ ոք չունի։ Իսկ հենց դա կարող է Ղարաբաղի զորքերի առաջնագծին մեծ վնաս հասցնել։ Բացարձակ անհասկանալի է, թե որտեղ կարող էր Ադրբեջանը ձեռք բերել Տ-90-ի անալոգը։ Այնպես որ, «ուրիշների» մասին փաստարկը ոչ միայն առավելագույնս ցինիզմ է, այլև չի համապատասխանում իրականությանը։
Երեւի թե հասկանալով այդ ամենը՝ Կրեմլը մեծապես ջանքեր գործադրեց հրադադարի հասնելու և Ղարաբաղում ստատուս-քվոն վերականգնելու համար։ Խնդիրն այն է, որ ստատուս-քվոն հավերժ չի կարող մնալ, իսկ հակամարտության խաղաղ կարգավորման կախարդական բաղադրատոմս Մոսկվան չունի, քանի որ այն առհասարակ գոյություն չունի»։
Խրամչիխինը հոդվածում անդրադառնում է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու խնդրին. «Մինչև ապրիլյան պատերազմը Ռուսաստանը հայտնել էր Հայաստանին զենք մատակարարելու մասին, այդ թվում՝ ՏՈՍ-1Ա և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ընդ որում՝ վարկային տարբերակով։ Դա ինչ-որ չափով կվերականգնի հավասարակշռությունը հակամարտության գոտում և ավելի լավ կպաշտպանի ստատուս-քվոն, քան դիվանագիտական ջանքերը, հատկապես որ նավթիև գազի գների անկումը հարված է հասցրել Ադրբեջանի ռազմական բյուջեին։ Ադրբեջանի անգամ ներկայիս նշանակալի ռազմական գերազանցությունը նրան բացարձակապես հաղթանակ չի ապահովում։ Եթե այդ գերազանցությունը կրճատվի, Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու Բաքվի որոշումը անորոշ ժամանակով հետ կմղվի»:











