Մնում է՝ Պուտինը ստորագրի, և Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին

2

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում քիչ առաջ հայտարարեց, որ այժմ հաստատում են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ նախքան Նախագահի մոտ վավերացման ուղարկելը։ «Մենք պետք է հավանություն տանք և Պետդումայում վավերացնելու համար նախագահին ներկայացնենք Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Սա մեր ինտեգրացիոն բազային փաստաթուղթն է, որը պետք է աշխատի գալիք տարվա հունվարի 1-ից: Խոսքն ինտեգրացիոն լրիվ նոր ձևաչափի մասին է: Բացի այդ, մենք հավանություն կտանք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի նախագծին, որպեսզի ստորագրման համար ներկայացնենք նախագահին»: 

ՌԴ կառավարության հայտարաության մեջ ասվում է հետևյալը. «Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»: