ՄԽ համանախագահները կոչ են արել վերականգնել նախագահների միջև երկխոսությունը

3

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Հանդիպմանը մասնակցել են դիվանագետներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

«Մենք անհանգստությամբ արձանագրեցինք, որ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ բնակելի շրջաններում, ավելացել են միջադեպերը: Մենք նախարարի հետ նաև քննարկեցինք նման միջադեպերի հավանականության նվազեցման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները: Մասնավորապես, կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն՝ նոյեմբերի 12-ին կործանված ուղղաթիռի միջադեպի կրկնությունը կանխելու համար:

Մենք նախարարին կոչ արեցինք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման հնարավորությունը մեծացնելու գործում:

ԿԽՄԿ-ի հովանու ներքո տվյալների փոխանակումը կարող է լավ առիթ դառնալ՝ կողմերի միջև վստահության ստեղծման և խաղաղության գործընթացին նպաստելու համար: Բացի այդ, մենք առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահների միջև երկխոսությունը վերականգնելու կոչ արեցինք»,- նշել են դիվանագետները: