Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի թեմայով տարածված ապատեղեկատվությանը։
«Շատ հետաքրքիր փաստեր են արձանագրվում։ Ես մի բան ասեմ, չգիտեմ էլ՝ ասեմ, թե չէ, ինչքան էլ վատ հնչի։ Օրինակ՝ երբ Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, մի ընդդիմադիր քաղաքական շրջանակի ներկայացուցիչների կողմից այսպիսի խոսակցություններ է գնացել, որ իրականում այնտեղ ոչ թե մարդկանց մեկուսացրել են, այլ Հայաստանում Գոլդեն Փելիս հյուրանոցում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանան ինչի մասին է խոսքը։ Հասկանո՞ւմ եք, այս աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր, և հետո այդ նույն մարդիկ հետագայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ՝ ասելով՝ իրենք են լուրեր տարածել, որ կորոնավիրուս չկա։ Եվ իրենք էլ բախվել են այդ խնդրի հետ, որովհետև կոնկրետ այդ քաղաքական ուժի մի ներկայացուցչի ընտանիքի անդամ, ով այդ լուրը տարածել է, ինքն էլ կորոնավիրուսով վարակվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս բոլոր հարցերով զբաղվում են, եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, պետք է քննարկեն փաստերը հրապարակայացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը գնահատական տալու հնարավորություն ունենա՝ ով ով է և ինչով է զբաղվել այս ընթացքում։ «Ակնհայտ է հիմա, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, շատ մարդ վարակվի, ուզում են հնարավորինս մեծ անկում ապրի տնտեսությունը, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա։ Իսկ թե ինչքանով են դրա հետ կապված կազմակերպչական աշխատանքներ տարել, դա դեռ քննարկման հարց է, պիտի պարզենք»,- հավենեց Փաշինյանը։











