Մինսկի խումբը կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից

13

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել: 

Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան զոհեր: 

Դեռևս դիակներ կան «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել դիակները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: 

Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: