Մի՞թե Միացյալ Նահանգները մարդասիրության մասին խոսելու իրավունք ունի

11

ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կրկին կոչ է արել Բաքվին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատանու սպանած ադրբեջանցի դիվերսանտներին: Այս անգամ նման կոչով հանդես է եկել Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին: 

Փսակիի խոսքով`Միացյալ Նահանգները նախկինում նույնպես հանդես է եկել ադրբեջանցի դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու օգտին. «Կողմերը, որպես կանոն, նախկինում գերիներին փոխանակելու միջոցներ են գտել՝ որպես մարդասիրական ժեստ, և նման ժեստերը միշտ նվազեցրել են լարվածությունը և ամրապնդել կողմերի միջև վստահության մակարդակը. հենց դա էլ նա նկատի է ունեցել»:

Նախքան Փսակին նմանատիպ հրահանգներով հանդես էր եկել տարածաշրջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը՝ կոչ անելով «երկու բանտարկյալներին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը»:

Հարց է ծագում՝ ովքե՞ր են այս անձինք, և ի՞նչ իրավունքով է ԱՄՆ-ն փորձում միջամտել մարդասպան դիվերսանտների վերադարձի խնդրին և ինչու պետք է անընդհատ Հայաստանը մեղմի լարվածությունը, որը միշտ հրահրում է մեր թշնամի Ադրբեջանը բազմաթիվ դիվերսիաներով և հրադադրի ռեժիմի խախտումներով: Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այդքան նսեմ, որ օտար երկրների մամուլի խոսնակները կարող են հրամայական տոնով մեզ պահանջներ ներկայացնել և սովորեցնել մարդասիրություն: Մի՞թե Միացյալ Նահանգներն այն ամենամարդասեր երկրներից մեկն է, որ մեզ փորձում է օրինակ ծառայել: Ցավոք ոչ: Եթե մարդասիրության մասին ենք խոսում, ապա Միացյալ Նահանգները պետք է ազատ արձակի իր երկրում ճաղերի ետևում գտնվող բոլոր ահաբեկիչներին, մադասիրաբար պետք է հրաժարվի Մերձավոր Արևելքում շարունակ տիրող իրավիճակի սրացումներից: Ժամանակին պետք է մարդասիրաբար հրաժարվեր Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Բահրեյնում և այլ երկրներում հեղափոխությունների և պատերազմական իրավիճակի հրահրումներից: Պետք է մարդասիրաբար թույլ չտար Իսրայելին հողին հավասարեցնել Գազան: Իսկ սրանցից ո՞րն է իրականացրել ԱՄՆ: Ոչ մեկը: Այս երկիրը շարունակում է աշխարհում սնուցել թեժ կետերը և ամրացնել իր ոտքերը, որտեղ՝ հնարավոր է:

Այնպես, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե ԱՄՆ-ին պետք է կոչ անեին դիմել Արցախին, այլ պետք է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին խորհուրդ տային զբաղվել սեփական երկրում մարդասիրության խթանով: