Պլատոնը, ուսումնասիրելով մարդու էությունն ու մարդկային հարաբերությունները, մեզ է փոխանցել մի հանճարեղ օրինակ, որն այժմ էլ կարող է համարվել լավագույն բանալին՝ անհատի և հասարակական հարաբերությունների ուսումնասիրության համար: «Տերը՝ մտնելով այգի, հանդիպում է երեք ստրուկներին, որոնցից երկուսը ցանկացած ստրուկի համար բնական վիճակում էին, այսինքն՝ զբաղվում էին ժամավաճառությամբ՝ սպասելով հանգստյան պահին, երրորդը՝ ի տարբերություն նրանց, հաճույքով մշակում էր այգին: Ստրկատերը, տեսնելով այդ ստրուկին, իր մոտ է կանչում նրան և հայտարարում, որ այդքան աշխատասեր մարդն իրավունք չունի ստրուկ լինելու, քանի որ ծնվել է ազատ հոգով: Իր խոսքը ստրկատերը հաստատում է փաստաթղթերով՝ ազատություն ստացած ստրուկը երանության մեջ էր, երբ նկատեց, իր նախկին ընկերների արհամարհական հայացքը: Երբ նա զարմացած հարցրեց դրա պատճառը, նրանք պատասխանեցին. «Մեզ շուտով կերակրելու են, իսկ քեզ ով է հաց տալու»: Այդ պատասխանից հետո Պլատոնը եզրակացնում է. «Ստրուկը նա չէ, ով տեր ունի, ստրուկը նա է, ով չի կարող ապրել առանց տիրոջ»: Այս արդիական մեջբերումը Գուրգեն Կարապետյանի և Կարինե Շիրակի գրքից էր:
Պարզվում է՝ Պլատոնի ուսումնասիրություններն այսօր ամենաարդիականն են, քանզի ողջ աշխարհը ստրուկի է վերածվել՝ ենթարկվելով մի քանի տերերի: Հայաստանում իշխող խավը նույնպես անմասն չի մնացել և ակնհայտ է, որ առանց տիրոջ չի կարող ապրել, քանզի տերն է որոշում՝ նրանք ինչպես են սնվելու և ինչպես են խմելու հայի արյունը: Սերժ Սարգսյանը նրանցից մեկն է, ով հայ ազգին իր իսկ կարգավիճակից ելնելով՝ փորձում է ստրուկի ապրելակերպով պահել: Սարգսյանի ներսի ստրուկն է պատճառը, որ նա իր ազգին վիրավորած թուրքի լամուկին շնորհավորում է՝ վերջինիս դիմելով ամենաբարձր մակարդակի դիմելաձևով՝ «Ձերդ գերազանցություն»: Այսպես միայն ստրուկներն են դիմում իրենց տերերին: Միայն ստրուկի հոգեբանության տեր մարդը կարող էր իր ազգին ցեղասպանած ժառանգին շնորհավորել, որ վերջինս շարունակում է իր նախնիների արյունոտ գործը: Միայն ստրուկները կարող են արդարացնել մյուս ստրուկի ստորացուցիչ շնորհավորանքը: Միայն սրուկի հոգով մարդը կարող է իր երկիրը վաճառել: Միայն ստրուկի հոգով մարդը կարող է հանուն սեփական շահի մի ողջ ազգի բարոյալքել: Միայն ստրուկը կարող է իր նախնիների հոգևոր արժեքների վրա ցոփ ու շվայտ խնջույք կազմակերպել: Ինչպես կարո՞ղ ենք չընդունել ստրուկ ղեկավարություն ունենալու հանգամանքը, երբ տեսնում ենք, հանուն սեփական ստամոքսի, երկիրը հանձնում են Ռուսաստանին, երբ իրենց փոխարեն երկրի ներքին և արտաքին հարցերը որոշում են օտար դեսպաններն ու այլ երկրների գերատեսչությունները: Ինչպես չասես նրանց ստրուկ, երբ իրենց երկրի ողջ գանձերը՝ մշակույթը, տնտեսությունը, հանքարդյունաբերությունը, կապի և անվտանգության ոլորտները նվիրել են օտարներին:
Ցավոք, ստրկությունը դեռևս 2000 տարի առաջ է մտել այս երկրից ներս, երբ ստիպեցին օտար կրոնը պաշտել՝ ստորադասելով հայոց հանգույն հավատամքը, երբ ստիպեցին ազգային արժեքները ստորադասել, օտարների արժեքներից: Արդեն 20 դար հայի ուղեղը փորձում են լվանալ, որ հայը շարքային քոչվոր է, ով նույնիսկ սեփական գենը չունի: Արդեն երկու դար է արմատապես կեղծվում է մեր պատմությունը և դրան նպաստում են ոչ միայն հայ իշխանավորները, այլ ստրուկի հոգով, սեփական որկորը պաշտող վայ գիտնականները: Տարիներ շարունակ հային քարոզվում է, որ միայնակ չես կարող ոչ մի տեղ հաղթանակ տանել, սա ստրուկի վերածելու ամենավառ օրինակն է: Նույնիսկ մեր հաղթանակները մեզ չեն վերագրում: Այնպես չէ, որ միայն Սարգսյանն է այդ ստրկատիրության նվիրյալ ներկայացուցիչը, նրա նախորդները ևս՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ստրկության փառավոր ժառանգներն են: Այսօր մեր երկրում յուրքանչյուր ոք, ով ուզում է գումար վաստակել, ստիպված է ստրուկի վերածվել: Միայն ստրուկը կարող է մտածել, որ եկեղեցի կառուցելով կարող են իր ահռեի մեղքերը քավվել:
Այսօրվա համաշխարհային համահարթման գործընթացները մարդուն վերածում են ստրուկի, ով առանց տիրոջ չի կարող ապրել և Սարգսյանն ու իր նախորդները այդ գործընթացի շարքային գործիքներն են՝ ստրուկներ, ովքեր առանց տիրոջ չեն կարող անգամ շնչել: Եվ երբ տերը որոշի, որ այդ ստրուկն այլևս անպետք է, կգան նորերը, ովքեր միգուցե ավելի վատը լինեն:
Հայը չի կարող հանդուրժել ստրուկին և այս ամենը կանգնեցնելու միակ ելքը ազգային արժեքների պահպանումն է, ազգային երկիր ստեղծելն է: Հազարամյակներ առաջ Հայկական լեռնաշխարհը համարվել է Սուրբ Օրինաց Երկիր, որտեղից դուրս են եկել ամենավաղագույն քաղաքակրթության ներկայացուցիչները: Եվ հարկավոր է նշել, որ բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ հեռացել էին Հայաստանից, միշտ երազով էին հիշում այդ Օրինաց Սրբազան Երկիրը: Ապացույցները շատ են: Հարկավոր է ընդամենը թերթել պատմության այն էջերը, որոնք դեռ չեն կեղծվել:
Մարդը միայն հոգով ազատ լինելով կարող է ազգային արժեքների կրողը դառնալ: Մեր նախնիներն այդպիսին էին:
Հա՛յ մարդ, ստրուկը, չի կարող տիրոջը ղեկավարել, հասկացի՛ր:











