Մեր երկրում ընտրակաշառք ընտրությունների ժամանակ եղե՞լ է, թե՞ չի եղել. Ալեն Սիմոնյան

8

Ուզում եմ մի բան հասկանալ՝ լավ, մեր երկրում ընտրակաշառք ընտրությունների ժամանակ եղե՞լ է, թե՞ չի եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում օրակարգ բերված Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու հարցի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության անունից ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցանկանում է ամբիոնից հնչած մի քանի մտքերի մասին խոսել, որոնցից մեկը ֆեյքերի ինստիտուտի մասին է: Ըստ նրա՝ այն արձագանքները, որոնք այս օրերի ընթացքում արձանագրվում են համացանցում, հասարակ քաղաքացիների արձագանքներ են: «Պնդում եմ՝ ՀՀ որևէ պետական մարմնում կազմված որևէ նման կառույց չկա ու չի աշխատում, որը համակարգում է ֆեյքերին, որը քաղաքական նպատակ է ծառայում: Դրա մասին շատ է խոսվում, մեռանք դրա մասին ասելով»:

Անդրադառնալով օրակարգ բերված հարցին և դրա հետ առնչվող նախկինում ընտրակաշառք բաժանելու թեմային՝ Սիմոնյանը նշեց, որ այսօր հնարավորություն կա քննել և հասկանալ, թե արդյոք այդ ընտրակաշառքի հետ կապ է ունեցել ԱԺ-ի դահլիճում նստած որևէ քաղաքական ներկայացուցիչ:

«Այստեղ քննվում է մի հարց, որտեղ կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, իսկ դրա փոխարեն մենք լսում ենք մտքեր՝ կորոնավիրուսի հետևանքների մասին ՀՀ-ի տնտեսության վրա: Այո, կորոնավիրուսը բոլոր երկրների վրա շատ վատ ազդեցություններ է թողել, բայց ինձ մոտ տպավորություն է, թե ինչ-որ տեղից կորոնավիրուսն է հայտարարությունով հանդես գալու և միանա քաղաքական դաշտում կատարվածին»,- շեշտեց նա:

Սիմոնյանը հիշեցրեց՝ բազմիցս ասել են, որ պարտության պատասխանատվությունը իրենցն է, քանի որ աշխարհում բոլոր երկրների մոտ նույն պատկերն է և բոլորն էլ ունեն տնտեսական վնասներ:

Հաջորդ հարցը, որին անդրադարձավ ԱԺ փոխնախագահը՝ դատախազ Արթուր Դավթյանի գործելաոճի վերաբերյալ կարծիքներին էր: «Ներողություն, մենք դատախազին չենք այստեղ քննում, մենք կոնկերտ քրեական գործ ենք քննարկում և քննարկում ենք այդ գործի շրջանակները հասկանալու հնարավությունները: 20 մլրդ դրամ մուտքի մասին ենք խոսում, իսկ ինչի՞ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանության մասին, միգուցե խոսենք այդ գումարի ծագումնաբանությունից»:

«Ես կարծում եմ, եթե պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, ապա շատ հասկանալի կլինի, թե ինչու այդ առաջարկի հետ կապված այլ գործընթաց է եղել: Հաջորդը՝ Էդմոն Մարուքյանը մեջբերում է վարչապետի այն խոսքերը, առ այն, որ օլիգարխներ ՀՀ-ում չկան: Բա, Մարուքյան, այս քննարկումը հենց դրա վառ ապացույցն է, որ այո, հեղափոխությունից հետո ՀՀ-ում օլիգարխ չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Վերջում Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կքվեարկեն իրենց խղճի համոզմունքներից դրդված: