Մենք պետք է երեխային տանք գիտելիք, թե ինչպես շփվի անծանոթների հետ. Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

10
Կարելի էր սպասել, որ որոշ շրջանակներ այս կոնվենցիայի հետ կապված պետք է մտահոգություն հայտնեին, իսկ դրանց մի մասն էլ՝ մանուպուլացնեն մեր հասարակությանը, թե սա բացառապես վերաբերում է կրթությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Լանզարոտեի կոնվենցիայի վավերացմանը և դրա հետ կապված քննարկումներին:

«Կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի հիսուն հոդվածներից քառասունինը որևէ առնչություն չունեն կրթության հետ և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: «Շատերը կամա թե ակամա, գիտությունից, թե անգիտությունից, ծանոթ լինելով կոնվեցիային, թե ընդհանրապես չկարդալով կոնվենցիան՝ ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ, նոր ծրագրեր են ներմուծելու»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ նոր ծրագրերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են, նոր դասագրքերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են:

«Այդ կոնվենցիան և այս հոդվածն ընդամենը կոչ են անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք մեր երեխաներին, որ իրենք կարողանան ճանաչել բռնությունը և կարողանան պաշտպանել իրենց»,- ասաց նա:

Ըստ նրա՝ իրենք պետք է երեխային տան գիտելիք այն մասին, թե ինչպես շփվեն անծանոթների հետ, օրինակ՝ հայտնեն ծնողներին, եթե անծանոթները նրան ինչ-որ տեղ է հրավիրում կամ այլ առաջարկներ է անում: