Մենք չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. Փաշինյան

3

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահականում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց, որ իր որդեգրած քաղաքականության մեջ բացառվում է ստվերայնությունը։ «Բացառված է մի տեղեկատվություն, որի մասին հանրությունը տեղյակ չլինի։ Ասել եմ, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել։ Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել, Ադրբեջան անուն չի շոշափվել։ Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, որ իմ գրառումը կարդա, դրան գումարի Բոլթոնի թվիթերյան գրառումը, ամեն ինչ կիմանա։ Պարզապես ճիշտ չէ, որ ասեմ՝ ինքն այսպես ասաց, իսկ ես՝ այնպես, ամբողջ տեղեկատվությունը տրամադրված է»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին, վարչապետը շեշտեց, որ դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնք ընթացքում տեղի է ունենում մտքերի փոխանակում։

Հարցին՝ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից կա՞ նախաձեռնություն ի վերջո սկսել արցախյան հակամարտության հետ կապված բանակցություններ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում։ Ես ու պրն․ Ալիևն ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն աշխատում են, իրենք կաշխատեն ու համանախագահներին հետ ռեկոմենդացիաներ կներկայացնեն մեզ, ու կորոշենք»։

Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Արցախի հարցում այսօրվա իշխանությունը վերադառնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, վարչապետ Փաշինյանն արձագանքեց․ «Կարծում եմ, որ մեր Կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը ոչ մեկը չի վարել։ Որևէ զուգահեռ ու ընդհանրություն գտնելու փորձերը նախկինում վարած որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է»:

Վարչապետը, խոսելով տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի մասին, շեշտեց․ «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»։