Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք. «Հրանտ Դինք» հիմնադրամին 2-րդ սպառնալից նամակն են ուղարկել

13
Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը տեղեկացրել է, որ վերջին շրջանում երկրորդ սպառնալից նամակն է ստացել: Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում մասնավորապես գրված է. «Մենք, հնարավոր է, մի գիշեր գանք»:

Ինչպես նշում է Gazete Karınca պարբերականը, երկրորդ նամակում նույնպես Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, և հիմնադրամի փաստաբանին մահվամբ են սպառնացել:

Դեռևս մի քանի օր առաջ նմանատիպ մեկ այլ նամակից հետո ձերբակալվել էր մեկ մարդ:

Հիմնադրամի փաստաբաններից Ֆեթիյե Չեթինը հայտարարել է, որ նմանատիպ նամակները, հնարավոր է, ուղղակի սպառնալիք չլինեն, քանզի դրանք շատ նման են այն նամակներին, որոնք ուղարկվում էին Հրանտ Դինքի սպանությունից առաջ:

Երկրորդ նամակից հետո կրկին հետաքննություն է սկսվել: Այս նամակը ուղարկվել է մայիսի 31-ին: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է կասկածյալ Է. Բ.-ն, որը նախկինում բազմիցս դատապարտված է եղել:

Նրան մեղադրանք է առաջադրվել անանուն նամակով հիմնադրամին սպառնալու համար: