Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե ինչ փաստաթուղթ է քննարկվում Արցախի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում, արդյոք նույնը, ինչ նախորդ իշխանություններն էին քննարկում:
Ի պատասխան՝ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արցախի հարցի վերաբերյալ նախորդ ժամանակաշրջանների վերաբերյալ քննարկումներն ունեցել են իրենց տրամաբանությունը, բայց չեն ունեցել հանգուցալուծում, և հիմա ինքը չէր ցանկանա վերլուծել, թե ինչպես կարող էր լինել:
«Մենք ստանձնել ենք մեր պատասխանատվությունը, մենք ստանձնել ենք մի պայմաններում, երբ դրանից առաջ եղել է պատմություն: Ինչ վերաբերում է մեր շրջանին, ապա, բնականաբար, կան համանախագահները, կա մյուս կողմը, և միակ նորը մենք ենք, և երբ ներգրավվեցինք, բնականաբար, այդ հարցը չէր վերացել: Մեզ համար չափազանց էական էր ի հայտ բերելու կոնկրետ բանակցությունների այն արգելակները, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ շարժվել մի ուղղությամբ, որտեղ մենք տեսնում ենք պարտավորությունների անհամաչափություն: Մենք չենք կարող ընդունել մի իրավիճակ, որտեղ սպասվում է, որ պետք է ստանձնեք, պարտավորություն, որը շոշափելի է և կոնկրետ, և դրան զուգահեռ՝ ունենանք ոչ հստակ պարտավորություն մյուս կողմից: Դա անհամաչափություն է, որը որևէ մեկը չի կարող համաձայնել: Սա է ամենակարևոր խնդիրը: Մենք շատ պարզ ասում ենք՝ այո, փոխզիջում է, և դա Արցախն էլ է ասում: Փոխզիջումը նշանակում է՝ համադրվող պարտավորություններ, որոնց անհամաչափությունն էլ ստանում է մեր արձագանքը: Սա չափազանց բարդ խնդիր է, բայց մենք բացառում ենք, որ այլ կերպ անենք, ստեղծենք իրավիճակ, որտեղ անվտանգային համակարգը խարխլվի»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Պատգամավոր Արման Աբովյանն իր հերթին հարց տվեց, արդյոք ընթացող հանդիպումները բանակցություններ են, թե ոչ:
Մնացականյանն արձագանքեց, որ ինքն ավելի շատ հակված է դրանք համարել բանակցություններ, քան թե կոնսուլտացիաներ:











