Մեղադրյալ Քոչարյան, դե տղամարդկություն ունեցիր, քո խստագույն պատիժը կրի․ Մարտի 1-ի զոհի հայր

14

«Գոնե ձևականորեն երկու պռապորշչիկի դատեիք, ասեիք՝ սրանք մեղավորներ են, սրանք են սպանել ձեր երեխաներին: Տասը տարի մատը մատին չեք տվել: Ասում եք՝ չեն բացահայտվել սպանությունները, բա դուք բացահայտեիք, տասը տարի դուք եք իշխանություն եղել»,- այսօր Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ դատարանում Ռոբերտ Քոչարյանին դիմեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Նա ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամեն ինչ տեսել է իր աչքերով:

«Մարտի 1-ի երեկոյան ժամը 21:00-ն ես հավասարեցնում եմ 1941 թվականի Բրեստի գրավմանը: Չեք պատկերացնում՝ վերևից պատրոնները, շենքերի կտուրներից սնայպերները, ավտոմատները, հատուկ միջոցները կիրառել են ժողովրդի դեմ»,- ասաց Քլոյանը:

Քլոյանը համոզմունք հայտնեց, որ Մարտի 1-ի գործը ծածկադմփոց է արվել:

«Ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ստացավ գեներալ-մայորի կոչում: Բազմիցս եղել եմ Վահագն Հարությունյանի մոտ, նա ինձ բազմիցս ասել է՝ էս գործը չի բացահայտվելու»,- հավելեց նա:

Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Մեղադրյալ Քոչարյան, դուք ասել եք՝ ես տղամարդ եմ: Իհարկե, տղամարդ ես, դե տղամարդկություն ունեցիր, քո խստագույն պատիժը կրի»: