Մեկին Արարատն է գերում, մյուսին՝ գաթան ու լավաշը․ հայտնի ռուսական հաղորդումը հայկական խոհանոցի մասին (տեսանյութ)

33

Հայտնի հեռուսահաղորդավար Միխայիլ Շիրվինդտի յութուբյան ալիքում հրապարակվել է «Ուտելու է-ուտելու չէ» նախագծի նոր հաղորդումը, որը նվիրված է Երևանին։ Առաջին անգամը չէ, որ Շիրվինդը Երևան է գալիս և Ռուսաստան է վերադառնում հիասքանչ տեսանյութով։ Եվ իհարկե, հաղորդումը նկարհանվել է համավարակից և կարանտինից առաջ։

Նոր թողարկման մեջ Շիրվինդտի օրը սկսվում է հայտնի երևանյան «Լավաշ» ռեստորանից։

«Ինձ ասացին, որ այս ռեստորանում մատուցում են Երևանի ամենահամեղ նախաճաշը։ Օրինակ՝ շատ են գովում այստեղի բաստուրմայով ձվածեղը։ Բայց այստեղ նախաճաշողներ քիչ կան, ինչպես ասաց իմ ընկեր Հայկը՝ երևանցու նախաճաշը մի բաժակ սուրճն է՝ ծխախոտով։ Այո, այստեղ գրեթե ոչ ոք չի նախաճաշում։ Մենք, երևի, միակն ենք»,-պատմում է Շիրվինդտը։

Բայց հասնելով ռեստորան` հաղորդավարը պատվիրում է ոչ թե ձվածեղ, այլ հսկայական կտոր «Նապոլեոն» թխվածք, գաթա, «փակ պիցցա», լցոնած լոլիկ, սմբուկ՝ թարխունի սոուսով և թել-պանիր։
 
«Եթե ուզում եք իսկական հայկական պանիր փորձել, գնեք «Ռոքֆոր», հողի մեջ թաղեք և մի ամիս անց հայկական պանիր կստանաք»,-եթերում կատակում է հաղորդավարը։

Իսկ երբ նրան հյուրասիրում են գաթա, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, և նռան գինի, նա հարցնում է․«Հայերեն ինչպե՞ս են ասում «ցնցված եմ», ու մի քանի անգամ կրկնում բառը, որպեսզի չմոռանա»։ Շիրվինդտը այցելել է նաև «Ոսկենի» գինեգործարան, որտեղ տարբեր գինիներ է փորձել։ Այնուհետև իր ձեռքով իշխան ձկան թարթար է պատրաստել`օգտագործելով «Ոսկենի» վարդագույն գինի․ «Դուք կարծում եք՝ այս գինին մեր հաղորդման հովանավո՞րն է։ Ոչ մի նման բան։ Ուղղակի հրաշալի գինի է, հրաշալի մարդիկ են»,-ասաց հաղորդավարը։

Իսկ հաղորդման վերջում Շիրվինդտը խոստովանեց, որ Երևան գալիս է ոչ թե հանուն Արարատ լեռան, ինչպես բոլորը, այլ հանուն գաթայի և լավաշի։


 [wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/9YwaAwzpyXE” frameborder=”0″ width=”425″ height=”350″]