Մեծ քանակությամբ ապացույցներ կան, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է Ուհանի լաբորատորիայում. Պոմպեո

8
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել է, որ «մեծ քանակությամբ ապացույցներ» կան, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում, գրում է The Guardian-ը:

Աղբյուրը նշում է, որ այս շաբաթ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Պոմպեոյի հայտարարությունները հռետորաբանության էսկալացիա էին․ ավելի վաղ նա հայտարարում էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուհանում կորոնավիրուսի ծագման հնարավորությունը, իսկ հիմա պնդում է, որ «մեծ քանակությամբ ապացույցներ» կան։

«Մեծ քանակությամբ ապացույցներ կան առ այն, որ կորոնավիրուսը սկսվել է հենց այնտեղ,- ասել է նա և քիչ անց իր խոսքում կրկին ընդգծել,- Ես կարող եմ ասել ձեզ, որ կան զգալի քանակությամբ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում: Լավագույն փորձագետները կարծում են, որ վիրուսը մարդածին է։ Այս պահին դրան չհավատալու պատճառ չունեմ»:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը խոչընդոտում է ԱՄՆ-ի՝ նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու փորձերը։