Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը

7

Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը: Այս մասին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ ներկայացնելով, թե ինչ մակարդակով է Մեծ Բրիտանիան ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին:

Դեսպանի խոսքով` Բրիտանիայի վարչապետը, ստանալով ՀՀ նախագահի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին տեղի ունենալիք Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, մերժել է՝ նշելով, որ ցավում է, բայց չի կարող ներկա գտնվել, չնայած որ գիտի այդ տարելիցի կարևորության մասին: Լիչը հավելեց, որ միայն տեղյակ է՝ ինչ-որ եկեղեցական է ուղարկվելու Հայաստան, բայց կոնկրետ ով՝ չգիտի:

«Եթե ես ստանամ հրավեր, ապա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կմասնակցեմ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին»,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ապրիլի 24-ին արդեն պլաններ ունի և պետք է մասնակցի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Բայց այս կոնտեքստում նաև չպետք է մոռանանք Անգլիայի դերակատարությունը 1915-ին Հայոց Ցեղասպանության իրագործման և երիտթուրքերի թիկունքում կանգնելու հարցում, և այդ դիտանկյունից կանխատեսելի էր Բրիտանիայի վարչապետի մերժումը՝ ապրիլի 24-ին այցելել Հայաստան, քանզի որպես այդ ոճրագործության մասնակից` Անգլիան պետք է որ շարունակեր իր ժխտողականության «փառահեղ» ուղին: