ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միայն երկու պատգամավոր են ներկայացրել անձնական երաշխավորություն՝ հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար՝ յուրաքանչյուրը վճարելով 500.000-ական դրամ: Պատգամավորներն են՝ Նիկոլայ Բաղդասարյանը և Հայկ Սարգսյանը։
Իսկ նրանցից բացի՝ երեք պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը և Ռուստամ Բաքոյանը, բնութագիր են ներկայացրել։ Նշենք, որ ի սկզբանե տեղեկություն էր տարածվել, թե հինգ պատգամավոր է ներկայացրել միջնորդություն, սակայն դա այդպես չէ։ Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում է․ «Ես անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել, դրա համար նախատեսված օրենքով սահմանված 500 հազար դրամ գումարը բնականաբար չեմ վճարել ու չեմ պատրաստվում ներկայացնել նման միջնորդություն»։
Նշենք, որ վաղը ապրիլի 23-ին ընդհանուր վերաքննիչ բողոքի քննություն է նշանակված, որին էլ միացվել է միջնորդության քննությունը, բայց փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելու քննարկումն ավելի շուտ կատարվի:
Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար: Բացի այդ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախկինում Մարտիրոսյանը դատապարտվել է թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև մանկապղծության համար:
«ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանն ապացույցներ է ներկայացնում պրոդյուսերի քերական անցյալի վերաբերյալ:
Մասնավորապես՝
«Ստեփան Մարտիրոսյանը հանցավոր հակում ունեցող անձնավորություն է, նրա կենսագրությունը և անցած ճանապարհը վկայում են նրա ունակ լինելը իրեն մեղսագրվող արարքին:
Որքանով, որ տեղեկացված ենք, Ստեփան Մարտիրոսյանը ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1989 և 1993 թթ, խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմիների հետ՝ «կոկային» տեսակի թմրամիջոցների շրջանառությունների համար, մեզ հայտնի է նաև նրա դատապարտված լինելը, սակայն տարբեր պատճառներով վերջինս ազատազրկման ձևով նշանակված պատիժն ամբողջությամբ չի կրել, բացի դրանից նրան վերագրվել են նաև այլ արաքներ:
Ստեփան Մարտիրոսյանի անձը բնութագրող տվյալներից հատկանշական է այն, որ նա ԽՍՍՀ-ում բնակվելու տարիներին եղել է արատավորված անձնավորություն: Նա դատապարտվել է այն ժամանակվա համար այնպիսի հանցավոր արարքների համար, որոնք Խորհրդային պետության համակեցության կանոններին եղել են ոչ հարիր և համարվել են անբարո արարքներ: Մեր կարծիքով դա հանդիսացել է պատճառներից մեկը նրա կողմից ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու հարցում: Հենց այդ արարքների համար Ստեփան Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի 1978 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 17-1121-րդ հոդվածի 1-ին մասով (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), նույն օրենսգրքի 17-115-րդ հոդվածով (հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը), նույն օրենսգրքի 17-116-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցությամբ արվամոլություն`տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ), նույն օրենսգրքի 147-րդ հոդվածով (շորթում), 228-րդ հոդվածով (պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը) այդ հոդվածների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում, նրա նկատմամբ վերոհիշյալ դատավճիռը ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1978 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ:
Ստեփան Մարտիրոսյանն իրենից հանրորեն մեծ վտանգ ներկայացնող անձնավորություն է, որի վկայություններից մեկը՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետից 25.09.2018 թվականին ստացված թիվ 3/10556 պաշտոնեական գրությունն է, համաձայն որի տեղյակ է պահվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանն այն մասին, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 61205617 քրեական գործով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի, ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող: Նշվածը վկայում է Ստեփան Մարտիրոսյանի հանցավոր էությունը, որ նա պատրաստ և ընդունակ է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելուն: Ավելին՝ տուժող կողմը ձեռք է բերել Ստեփան Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունը մեկ այլ անձի հետ այն մասին, որ վերջինս պատվիրում է սպանելու Վիտալի Գրիգորյանցին: Այդ կապակցությամբ մեր կողմից հավաքվում են լրացուցիչ փաստարկներ իրավապահ մարմիններին համապատասխան հաղորդում ներկայացնելու համար:
Ստեփան Մարտիրոսյանը մարդկային, բարոյական հատկանիշներից զուրկ անձնավորություն է, նա խաբել է մի անձնավորության, որը 2000 թվականին գտնվելով ԱՄՆ- ում տեսնելով վերջինիս նյութապես ծանր վիճակը, վարձով բնակվելը, իր միջոցներով նրա համար ձեռք է բերել սեփական բնակարան, օգնել է նրա քրոջ՝ Բեսսի Մարտիրոսյանի որդուն՝ Հակոբ Գասպարյանին ուսման վարձերի վճարման հարցում: Վիտալի Գրիգորյանցը վճարել է նաև Բեսսի Մարտիրոսյանի ուսումնական ծախսերը՝ ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններից մեկում, բացի դրանից ցուցաբերել է նաև այլ օգնություններ: Անգամ այդ պարագայում Ստեփան Մարտիրոսյանն ազնիվ չի գտնվել, այդ ծախսերը ներկայացրել է ուռճացված և ստացել է ավել գումարներ:
Ստեփան Մարտիրոսյանն այն անձնավորությունն է, որը հափշտակված գումարների՝ փողերի լվացման հարցում ներքաշել է նաև իր հարազատ քրոջը՝ Բեսսի Մարտիրոսյանին, նրա հաշվին փոխանցել՝ 200.000 ԱՄՆ դոլար գումար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տուժող կողմի մոտ հայտնվել Է ՌԴ Մոսկվա քաղաքի մեկուսարանից ուղարկված Ստեփան Մարտիրոսյանի նամակագրությունները, որոնցից ակնհայտ է դարձել նաև նրա հանցավոր վարքագիծը: Վերջինս հանձնարարություններ է տվել տարբեր մարդկանց՝ իրեն արդարացնելու նպատակով փաստաթղթեր կեղծելու, տարբեր պաշտոնյաների կաշառելու, անգամ խաղադրույքներ կատարելու»:














