Մայրը պնդում է, որ 16-ամյա որդուն հայրն ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել

26

Արագածոտնի մարզի բնակիչը ձերբակալվել է անչափահաս որդու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: