Մի՞թե մենք սրան էինք արժանի…

21

Երբ Զարուհի Փոստանջյանը Սարգսյանին ԵԽԽՎ-ում տվեց իր հայտնի հարցը, Հայաստանում ամեն ինչ մի պահ կանգնեց, բոլորը մոռացան հայ-ռուսական, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղյան հարցը, թոշակ ու աշխատավարձ, դադարից հետո հանրության մեջ տրաքեց հարցերի հարցը, ճիշտ է արել Փոստանջյանը, թե ոչ: Ոմանք մեր իրականության մեջ արդեն քաջածանոթ կարգավիճակով են արձագանքում, եթե քեզ դուր չի եկել այդ հարցերի հարցը ուրեմն հանրապետական ես, եթե դուր է եկել, ուրեմն չգիտեմ թե ինչ ես: Երբեմն հասարակության ձեռնպահ կամ տրամաբանական բացատրությունների պակասության պատճառով է, որ չենք կարողանում թացը չորից, մեր խնդիրն ու հարևանինը միմյանցից տարբերել: Մյուս կողմից էլ շարքային քաղաքացուն չպետք է մեղադրել, որ ինքը տվյալ երևույթին պարզորեն է նայում՝ ելնելով ինչ-ինչ էմոցիաներից, իսկ մի՞գուցե հասարակությունն արդեն շնչահեղձ է լինում այս անբռնազբոսիկ վիճակից, գործազրկությունից, անապահով կյանքից, երկրում տիրող անարդարությունից և փորձում է Սարգսյանին այս կամ այն ամբիոնում կարմրեցնելով վրեժ լուծել: Իրականում ԵԽԽՎ-ն միանշանակ այն հարթակը չէ հայաստանյան ներքին խոհանոցը կամ անձնական հարաբերությունները, սեփական ամբիցիաներն ու մանկական երազանքները իրագործելու համար: Պետք է հասկանանք, որ տվյալ պարագայում այն ամբիոնում նստածը Սերժ Սարգսյան անձը չէ, այլ Հայաստան երկրի ներկայացնողը, որ Սարգսյանին կարմրեցնելով, կարմրում ենք բոլորս: ԵԽԽՎ-ն չի կարող և իրավունք չունի Հայաստանում ոչ մի երևույթ քննադատել, ոչ մարդու իրավունքներ, ոչ կառավարություն, ոչ ժողովրդավարություն… Հարցը նրանում չէ, որ տվյալ երևույթները վերահսկել պետք չէ, պետք է, բայց միայն Հայաստանի ներսում: Երբեք չես կարող հաջողության հասնել դրսի ճնշումների արդյունքում: Պարզ տրամաբանություն, պետությունն էլ մի ընտանիք է, կապ չունի, թե տվյալ դեպքում Հայաստանն ինչ կատեգորիայի մեջ է և որքանով է մեր երկրի կառուցվածքում ընտանիքի գաղափարախոսությունը աղավաղված: Եվ ահա վերցնենք համեմատության համար մի հայ ընտանիք, որ ամուսնիններով միմյանց հետ վիճում են, կամ ամուսինը խաղամոլ է, և կինը գնում է հարևանի տուն և ամուսնուն այնտեղ հարցնում, թե ինչու ես գնում խաղատուն, կամ այդ փողերն ով է փոխհատուցում: Եվ խնդրում հարևանին, որ պատժի ամուսնուն: Նույնիսկ այսպես ծիծաղելի է երևում, ի՞նչ կապ ունի հարևանը, էլ ուր մնաց, թե Եվրոպան, ով այդքան էլ չի փայլում իր չխաղամոլ ղեկավարներով: Բայց սոսկալին այն է, որ առանց կրակ ծուխ չի լինում: Չկա Հայաստանում մեկը, ով լսած չլինի, որ Սերժ Սարգսյանը խաղամոլ է կամ գումարներ է տարվում, բայց կա՞ ՀՀ մի քաղաքացի, ով կարող է ապացուցել տվյալ երևույթի իսկությունը: Փոստանջյանի հարցը մի՞գուցե մեր երկրի ներսում ավելի տեղին կլիներ, մի՞գուցե պատասխան ընդհանրապես չստանար, ի տարբերություն ԵԽԽՎ-ի, բայց կարող էր Սարգսյանի լռության մասին բարձրաձայնել: Մյուս կողմից էլ, մի՞գուցե մեր հանրությունը հենց նման հարցեր է ակնկալում լսել իր ընդդիմությունից, որն անընդհատ իրեն դավաճանում է տարբեր մակարդակներով՝ միայնակ է թողնում մահակավոր բարիկադների առջև, լքում է մարտի 1-ի սպանդի օրը: Բայց միևնույն է, ցավում եմ, որ մեր հասարակությունն անտեր է մնացել, որ ստիպված պաշտպանում է մի ինչ-որ կողմի, մինչդեռ երկու կողմն էլ նույն սանրի կտավն են: Մի՞թե հայ ազգն արժանի էր վարկաբեկվելու իր համար պատանի եվրոպացիների ու իր թշնամիների մոտ, երբ կարող էր այդ հարցը երկրի ներսում քննարկվել, մ՞իթե մեզ հարիր է ունենալ մի ղեկավար, ում վարքի մասին բազմիցս է խոսվել, միթե մենք արժանի ենք նման կառավարության ու վարչապետի, որ միլիոնավոր դոլարներ են վատնում սեփական տարփանքները հագեցնելու համար, մինչդեռ Հայաստանում հազարավոր սոված մարդիկ կան, ում համար մի կտոր հացն էլ մեծ բան է:
Մի՞թե մենք սրան էինք արժանի…

var addthis_config = {“data_track_addressbar”: true};