Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. Ուորլիք

11

Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը:

«Իհարկե, մենք անհանգստացած ենք շփման գծում առկա իրավիճակով, և ինչպես տեսնում եք՝ այն ընդհանրապես սառեցված չէ: Ասե՛ք սպանված կամ վիրավորված զինվորի մորը, որ սա սառեցված հակամարտություն է: Սա երբեք էլ սառեցված հակամարտություն չի եղել: Մենք շատ անհանգստացած ենք զարգացումներով: Պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակի հետ կապված: Առաջին բանը, որ ես ուրախ եմ նկատել, այն է, որ նախագահները  հնարավոր է այսօր կամ վաղը հանդիպեն Սոչիում, և մենք հուսով ենք, որ նրանք կարող են խնդրի շուրջ առաջընթաց արձանագրել»,- ասել է նա:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ ՄԽ-ը հուսով է, որ երկու կողմերից հնչած վերջին սպառնալիքները կդադարեցվեն: «Դրանք մեզ չեն մոտեցնում խաղաղությանը: Դրանք բռնություն են ծնում, և մենք կփորձենք տևական կարգավորման ուղի գտնել: Մենք պետք է վերջ դնենք թշնամական հռետորաբանությանը և այս կարգի սադրիչ հայտարարություններին: Այսպիսով՝ նախագահ Պուտինի հետ այս շատ կարևոր հանդիպումից հետո, հուսով եմ, երկու կողմերի համար կլինի մի հանձնառություն՝ վերջ դնել թշնամական հռետորաբանությանը, հարգել հրադադարը և համագործակցությունը համանախագահների հետ, որոնց աշխատանքը նվիրված է խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա: