Ձեր ընկերների, ընտանիքի անդամների շրջապատում հեղինակություն վայելո՞ւմ եք. Դատավորը՝ Քոչարյանին

16
Ձեր ընկերների, ընտանիքի անդամների շրջապատում հեղինակություն վայելո՞ւմ եք: Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դեմ պաշտպանների բողոքի նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը հարցրեց Քոչարյանին:

«Ենթադրում եմ՝ այո»,- պատասխանեց Քոչարյանը։

Դատավորը նաև հարցրեց՝ հոգեբանական առումով պատասխանատու զգո՞ւմ է նրանց գործողությունների համար, եթե ուզեն իրեն օգնել։ «Դուք հնարավոր համարո՞ւմ եք նրանց հսկողությունը, կարո՞ղ եք սահմանափակել ոչ իրավաչափ գործողությունը՝ թեկուզ ձեր օգուտի համար։ Կարո՞ղ եք ազդեցություն ունենալ ձեր ընկերների, մտերիմների վրա»,- հարցրեց դատարանը։

Քոչարյանն ասաց. «Եթե իմ մտերիմն է, փոխադարձ վստահություն կա, և այդ մարդը սխալ բան է գործում, ես այն բնավորությունն ունեմ, որ կարող եմ մարդու երեսին ասել՝ հաճելի բան չէ, մի արա։ Բայց եթե ընկալումն այնպիսին լինի, որ զսպող հանգամանքը դա մի փետ պիտի վերցնես ու այդ փետով մարդու հետևից վազես, ի վերջո երաշխավորողները կամ պիտի ոստիկանները լինեն, կամ գողականները»,- ասաց Քոչարյանը։

Դատավորն ի պատասխան ասաց, որ գողական բարքերի դեմ ավելի ու ավելի արդյունավետ պայքարի մեթոդներ են մշակվում երկրում։ «Եվ հուսով ենք՝ նրանք մեր հասարակության մեջ հարցեր չեն լուծելու։ Գողական ասացիք, չէ՞»,- նշեց դատավորը։ Քոչարյանը հավելեց․ «Զսպել ասելով՝ ես նկատի չունեմ, որ մարդուն պետք է ծեծելով զսպել»։