Հրանտ Դինքի կնոջը սպառնացած 2 անձանց մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում

9

Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքին և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակների գործով Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը պաշտոնապես հետաքննություն էր սկսել։

Դատախազության կողմից իրականացված քննության արդյունքում 18 էջից բաղկացած մեղադրական եզրակացություն է կազմվել։ Եզրակացության մեջ նշված է 9 հայցվորի անուն, այդ թվում՝ Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարների և հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի անունը։
 
Ըստ այդ եզրակացության՝ Հյուսեին Աթեշին, որը մինչ այդ Քոնյայում ձերբակալվելուց հետո տեղափոխվել էր Ստամբուլ, այնուհետև՝ կալանավորվել, Դինքի հիմնադրամի ինստագրամյան էջին 3 առանձին սպառնալից մեկնաբանություն էր կատարել։ Աթեշի նկատմամբ պահանջվում է 7․5 – 26 տարի 3 ամիս ազատազրկում։ Նա մեղադրվում է «շղթայաբար չստորագրված նամակի կամ հատուկ նշանների միջոցով սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով։

Մյուս կասկածյալը՝ էրսին Բաշքանը, որը մայիսի 30-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ էր ուղարկել, մեղադրվում է վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ պահանջվել է 2․5- 8 տարի 9 ամիս ազատազրկում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե ընդունվի այս մեղադրական եզրակացությունը, ապա Աթեշին և Բաշքանին կդատեն Ստամբուլի առաջին ատյանի դատարանում։