Հրաժեշտ ՀԱՅԻ համար ամենադաժան 2013թ.-ին

11

Քանի որ արդեն մի քանի ժամ է մնացել 2013թ.-ին, փորձենք ամփոփել տարին: Տարին, ցավոք սրտի, լի էր բազմաթիվ բացասական ու ոչ հայանպաստ իրադարձություններով: Նախ նախընտրական ու հետընտրական երկարատև շրջանն էր: Պարույր Հայրիկյանի վրա կրակելը: Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելը: Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հացադուլն ու ժողովրդին հիասթափեցնելը: Ապրիլի 9-ը ոստիկան-քաղաքացի բախումների սկիբը դարձավ: Այս տարի ռեկորդային էին խիտ բնակելի տարածքներում բարձրահարկ շենքերի կառուցապատումը, որոնք ոչ միայն զրկում էին բնակիչներին արևի լույսից, այլ այնքան մոտ են բնակելիներին, որ խիստ վտանգավոր են դառնում սեյսմիկ առումով: Տարին աչքի ընկավ բազմաթիվ բողոքի ակցիաներով. Հայաստանում բոլորը դժգոհ էին, ցավոք առիթ ունեին դժգոհելու, այն էլ բազմաթիվ: Դժգոհ էին, որ տրանսպորտի գինն էր թանկանում, դժգոհ էին, որ իրենց որդիները բանակում հայրենիքի համար ծառայելիս զոհ էին գնում շարքային բախումների, դժգոհ էին, որ բնակարան էին գնել ու դրա տերը չէին դարձել, դժգոհ էին, որ ռոդշիլդների համար թոշակ էին կուտակելու, այն էլ պարտադիր, դժգոհ էին, որ մտնելու էին Մաքսային Միություն, մի մասն էլ Եվրամիություն, մյուսն էլ ուզում էր ու երազում էր ազատ ու ինքնիշխան Հայաստանի մասին: Տարվա վերջում գազային պայմանագրերի ու 30 տարով ստրկանալու համար էին պայքարում հայերը: 2013-ին Հայաստանում ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բազմիցս բռնի վերաբերմունք ցուցաբերեցին քաղաքացիների հանդեպ և բազմաթիվ մարդկանց անհիմն ուղարկեցին ճաղերի հետև: Մի խոսքով տարի, որի ընթացքում հայի համար ոչ մի ուրախալի ու հայանպաստ ոչինչ չեղավ: Տարի, որի հետևանքները դեռ 30 տարի շոշափելու զգալու ենք մեր մաշկի վրա:

Այսօր հրաժեշտ ենք տալիս 2013-ին, հույսով սպասում 2014-ին:

Թող 2014-ին Հայաստանը վերջապես դառնա ազատ, իրական ազատ երկիր ու յուրաքանչյուր հայ Հայաստան աշխարհի, մարդկության բնօրրանի վրա իրեն զգա ամենակարող ու գնահատված:

Շնորհավոր Ամանոր: