Հովիկ Աբրահամյանը՝ սատիրայի վարպետ

11

Խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ  բիզնեսմեն նախարարները կհեռանան կառավարությունից՝ շեշտելով «Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե որևէ նախարար իմ կառավարությունում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում: Դա թույլ չի տալիս նաև Սահմանադրությունը: Եթե նման մարդիկ լինեն, նրանք կհեռանան  կառավարությունից»:

Թվում է, թե մենք գտել ենք այն վարչապետին, ում այսքան տարի սպասում էինք, բայց սա միայն հումորային տեսանկյունից: Այս հայտարարությամբ պրն Աբրահամյանը ծիծաղեց ողջ հայ ժողովրդի վրա՝ վայրկյան անգամ ամոթի զգացում չունենալով: Ո՞վ հավատաց, որ վարչապետը չգիտի, թե իր կառավարությունում ով ինչով է զբաղվում, որքան ունեցվածք ունի, ինչ բիզնեսներ ունի և ով է հովանավորը: Մի՞թե Հայաստանում հնարավոր է նախարար լինել, կամ դրանից առաջ մեկ այլ պաշտոն ունենալ, երկար տարիներ դեգերել իշխանության ու ընդդիմության ճամբարներում և բիզնես չունենալ: Ասենք, ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարում է, որ բիզնես չունի, բայց հայտարարագրում է միլիոնավոր դոլարներ, ապա հարց է առաջանում, թե ինչ մաթեմատիկական հաշվարկներով է աճում պրն Խաչատրյանի միլիոնները, մի՞գուցե ժողովրդին էլ խորհուրդ տար: Մի՞գուցե Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէր նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գագիկ Բեգլարյանի բիզնեսներից ու միլիոններց, ուրեմն Երվանդ Զախարյանի մասին էլ բան չգիտի, իսկ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին երևի կառավարության նիստի ընթացքում առաջին անգամ է տեսել:

Որքա՜ն կարելի է մարդկանց աչքերի մեջ թոզ փչել, ականջներից էլ լապշա կախել: Մյուս կողմից էլ, եթե Աբրահամյանը տեղյակ չէ ձեռնարկատեր ենթակաների մասին, դժվար թե իր բիզնեսների մասին տեղեկություններ չունենա, չէ որ Արարատի մարզում չկա մի կառույց, որը չլինի Աբրահամյանի վերահսկողության տակ:

Պարզապես վարչապետի մոտ ամեն ինչ լավ է ստացվում, նա մեղմ ժպտալով կարողանում է ծաղրել բոլորին՝ վստահ լինելով համակարգի անպատժելության վրա: Եվ քանի դեռ ունենք նման նախագահ, վարչապետ, կառավարություն և խորհրդարան, չհաշված միջին օղակները, ապա այլ բան ակնկալել հնարավոր չէ, և ինչպես ասում է Աբրահամյանը, կարևորը պրոֆեսիոնալ կադրերն են, ովքեր նույն պրոֆեսիոնալիզմով շարունակելու են ծաղրել մեզ:

Եվ մինչև ե՞րբ ենք հանդուրժելու ծաղրը: